Մատչելիության հղումներ

ԱԱԾ տնօրեն. Կանխվել են հրեշավոր վտանգներ


ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյան, արխիվ
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյան, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը կոչ է անում՝ մեկնաբանությունների փոխարեն շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած ԱԱԾ աշխատակիցներին:

Երեկ, հիշեցնենք, ԱԱԾ-ն հայտարարեց Նորքում զինված հանցավոր խմբավորում վնասազերծելու մասին։ Այնուհետև լրատվամիջոցներում հայտնվեցին մեկնաբանություններ, թե այն «բեմականացված» էր կամ միտված «ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին»։

«Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է, և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հակոբյանը:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ «երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը»: Ընդ որում, Հակոբյանն ընդգծել է, որ գործողության ընթացքում ոչ մի զոհ չի եղել:

«Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա: Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին: Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին, և, հուսով ենք, այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում», - ասել է Հարությունյանը՝ հավելելով. - «Գալու է ժամանակը և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողությունները պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG