Մատչելիության հղումներ

Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաստատում են Թուրքիայի կապը ԻՊ-ի ահաբեկիչների հետ


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբն անցյալ շաբաթ հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է՝ ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը: Նա աշխատել էր որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի գծով փորձագետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համար:

Ահա հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը.

1) Թուրքիան ԻՊ-ին մատակարարել է զինամթերք

• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասաց «Վաշինգտոն փոստ» թերթին. - «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:

• Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014 թ. հոկտեմբերի 14-ին փաստաթղթեր հայտնաբերեց Ադանայի դատախազությունից, որոնք բացահայտում էին, որ Թուրքիան զենք է մատակարարել ահաբեկչական խմբերին: Նա նաև ներկայացրեց ահաբեկիչներին զենք հասցրած բեռնատարների վարորդների հետ հարցազրույցների արձանագրությունները:

• Ըստ CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի՝ 2014 թ. հունվարի 19-ին թուրք գործակալները հրթիռներով, զենք ու զինամթերքով բեռնված երեք բեռնատարներ էին հասցրել ԻՊ-ին Սիրիայում:

• «Ջումհուրիեթ» թերթը մեջբերել է Ֆուաթ Ավնիի հայտարարությունը, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները ձայնագրություններ ունեն, որոնք հաստատում են, որ Թուրքիան ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբերին 2014 թ. հոկտեմբերի 12-ին:

• 2014 թ. սեպտեմբերի 27-ին հրապարակված փաստաթղթերից պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բին Սուլթանը ֆինանսավորել է ԻՊ-ի համար զենքի տեղափոխումը Թուրքիայի տարածքով:

2) Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԻՊ-ի զինյալներին

• Ըստ «Ռադիկալ» թերթի 2014 թ. հունիսի 13-ի հոդվածի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հրապարակել է հետևյալ հրահանգը. - «Հաթայը ռազմավարական նշանակություն ունեցող վայր է մոջահեդների համար, որոնք հատելով մեր սահմանը անցնում են Սիրիա: Կավելացվի նյութատեխնիկական աջակցությունը իսլամական խմբավորումներին, իսկ նրանց մարզումը, հիվանդանոցային խնամքը ու անվտանգ անցումը հիմնականում տեղի կունենա Հաթայում»:

• «Դեյլի մեյլ»-ը 2014 թ. օգոստոսի 25-ին հաղորդել է, որ բազմաթիվ օտարերկրյա զինյալներ Սիրիայում և Իրաքում միացել էին ԻՊ-ին՝ անցնելով Թուրքիայի տարածքով:

• Բրիտանական «Սքայ նյուզ»-ը ձեռք բերեց փաստաթղթեր, ըստ որոնց՝ Թուրքիայի կառավարությունը կնքել է օտարերկրյա զինյալների անձնագրերը, որոնք ցանկանում էին թուրքական սահմանով անցնել Սիրիա՝ միանալու ԻՊ-ին:

• 2014 թ. հոկտեմբերի 9-ին Եգիպտոսի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Թուրքիայի հետախուզությունը ԻՊ-ին է փոխանցել արբանյակային պատկերներ և այլ տվյալներ:

3) Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին

• 2014 թ. հուլիսի 29-ին CNN Turk-ը հաղորդեց, որ Ստամբուլի սրտում գտնվող Դուզչե և Ադափազարի բնակավայրերը դարձել են հավաքատեղի ահաբեկիչների համար:

• Թուրքերին, որոնք միացել էին ԻՊ-ի մասնաճյուղին, ցուցադրեցին 2014 թ. հուլիսի 28-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում:

• Տեսահոլովակներից մեկում ցուցադրել էին ԻՊ-ի մասնաճյուղի անցկացրած աղոթք-հավաքը Ստամբուլի Օմեռլի թաղամասում:

• Ըստ Հորդանանի հետախուզության՝ Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին հատուկ գործողությունների համար:

4) Թուրքիան բժշկական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ի զինյալներին

• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը հայտնեց «Վաշինգտոն փոստ»-ին. - «Սովորաբար որոշ զինյալներ, նույնիսկ «Իսլամական պետության» ամենաբարձրաստիճան անդամները, բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում»:

• 2014 թ. հոկտեմբերի 12-ին «Թարաֆ» թերթը հաղորդեց՝ նախագահ Էրդողանի իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում») հիմնադիր Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը հրապարակել է, որ Թուրքիան աջակցել է ահաբեկչական խմբերին և շարունակում է աջակցել և բուժել նրանց իր հիվանդանոցներում:

5) Թուրքիան ֆինանսապես աջակցել է ԻՊ-ին նավթ գնելու միջոցով

• 2014 թ. սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը:

• 2014 թ. սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին:

6) Թուրքիան օգնում է ԻՊ-ի զինվորագրմանը

• 2014 թ. հոկտեմբերի 14-ին Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Ստամբուլում և Գազիանթեփում ԻՊ-ի գրասենյակները հավաքագրում են զինյալների: 2014 թ. հոկտեմբերի 10-ին Կոնիայի մուֆթին հայտարարեց, որ չորս օր առաջ իր քաղաքից 100 տղամարդ միացել է ԻՊ-ին:

• OdaTV-ն հաղորդեց, որ «Թաքվա հաբեր»-ը ծառայում է որպես քարոզչական միջոց ԻՊ-ի համար՝ Թուրքիայում և Գերմանիայում թուրքախոս տղամարդկանց հավաքագրելու նպատակով:

• Թուրքիայի սպորտի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըլըչը Գերմանիայում այցելեց սալաֆի ջիհադականներին, որոնք աջակցում են ԻՊ-ին: Այս ջիհադականները կողմնակիցների են հավաքագրում Ղուրանի անվճար օրինակներ բաժանելով և դրամահավաք կազմակերպելով՝ Սիրիայում և Իրաքում ինքնասպանությամբ ահաբեկչություններ հովանավորելու համար:

• OdaTV-ի հեռարձակած տեսանյութում ցուցադրել են Ստամբուլում ավտոբուսով երթևեկող ԻՊ-ի զինյալներին:

7) Թուրքական ուժերը կռվում են ԻՊ-ի կողքին

• Ամերիկյան հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books-ում հաստատեց՝ «հայտնի էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը աջակցում էր «Ալ-Նուսրա ճակատ»-ին՝ ապստամբ ընդդիմադիրների շրջանում ջիհադական խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբերի»:

• 2014 թ. սեպտեմբերի 20-ին, խորհրդարանում Ազգերի ժողովրդավարական կուսակցությունը (HDP) ներկայացնող պատգամավոր Դեմիր Չելիքը հայտարարեց, որ թուրքական հատուկ ուժերը ռազմի դաշտում միացել էին ԻՊ-ին:

8) Թուրքիան օգնել է ԻՊ-ին Քոբանիի համար մղվող մարտում

• 2014 թ. սեպտեմբերի 19-ին Քոբանիի քաղաքապետ Անվար Մուսլիմը բացահայտեց, որ թուրքական զենք ու զինամթերքով բեռնված գնացքներ են հասցվել ԻՊ-ին: 2014 թ. սեպտեմբերի 30-ին CHP-ի պատվիրակությունը այցելեց Քոբանի, որտեղ տեղացիները հայտարարեցին, որ ամեն ինչ, սկսած ԻՊ-ի մարտիկների հագուստից մինչև զենքերը, գալիս է Թուրքիայից:

• 2014 թ. սեպտեմբերի 25-ին «Նուհաբեր»-ի տեսահոլովակը ցուցադրեց տանկեր և զինամթերք փոխադրող թուրքական զինվորական ուղեկցորդներին՝ ԻՊ-ի դրոշի ներքո Սիրիայի Ջարաբլուզ շրջանում ազատ տեղաշարժվելիս և Կարկամիշի սահմանն անցնելիս:

• PYD-ի («Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն») քուրդ զինյալների առաջնորդ Սալիհ Մուսլիմը հաղորդեց, որ 2014 թ. հոկտեմբերի 20-24-ը 120 զինյալներ Թուրքիայից անցել էին Սիրիա:

• Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի 2014 թ. հոկտեմբերի 29-ի համարում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը») քուրդ հրամանատարի գրած սյունակի՝ Թուրքիան պարբերաբար թույլ է տալիս ԻՊ-ի զինյալներին իրենց տեխնիկայով անցնել իր սահմանը:

• 2014 թ. հոկտեմբերի 1-ին Դիքենը հաղորդեց. - « ԻՊ-ի զինյալները Թուրքիայի սահմանը հատելով անցել էին Սիրիա թուրք զինվորների գիտությամբ և համաձայնությամբ»:

9) Թուրքիան և ԻՊ-ը նույն աշխարհայացքն ունեն

• 2014 թ. հոկտեմբերի 3-ին RT-ն հաղորդեց փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի մասին, ուր ներկայացվում էին ԻՊ-ին ցուցաբերվող թուրքական աջակցության մանրամասները:

• «Հուրիեթ»-ը 2014 թ. սեպտեմբերի 26-ին մեջբերեց թուրք քաղծառայողի խոսքերը. - «Ես ցնցված էի՝ լսելով որոշ բարձրաստիճան ծառայողների հիացական խոսքերը ԻՊ-ի հասցեին»:

• «Արդարության և զարգացում» կուսակցության խորհրդի մի անդամ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. - «Բարեբախտաբար ԻՊ-ը գոյություն ունի.... Թող անսպառ լինեն ձեր փամփուշտները....»:

• Համաձայն Սարիեր Գյոզլեմի՝ Էրդողանի որդի Բիլալը և թուրք պաշտոնյաները հանդիպել են ԻՊ-ի զինյալների հետ:

Բացարձակապես անընդունելի է, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ը զանգվածային սպանություններ է իրականացնում Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում, ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիան շարունակում է օգնել ու զինել այդ ահաբեկիչներին: Ժամանակն է, որ Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, իսկ նրա ղեկավարները մեղադրվեն և դատվեն այս սարսափելի ոճրագործություններում իրենց ունեցած դերակատարության համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG