Մատչելիության հղումներ

Վարդերեսյանի միջոցով «կարողանում էինք տեսնել ու գնահատել մեր ազգի տաղանդավորությունը»


Վարդուհի Վարդերեսյանը իր վերջին ստեղծագործական երեկոյին: Նոյեմբեր, 2015 թ․
Վարդուհի Վարդերեսյանը իր վերջին ստեղծագործական երեկոյին: Նոյեմբեր, 2015 թ․

Այսօր վախճանվել է մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Քանի-քանի սերնդի թատերասերների է հիացրել Վարդուհի Վարդերեսյանը թե՛ արտիստական, թե՛ մարդկային իր բացառիկ կերպարով՝ անչափ հմայիչ, անկեղծ, ազնիվ:

Իր կյանքի 87 տարիների մեծագույն մասն անցկացրել է բեմի վրա․ երբ 1946-ին մոր հետ Ռումինիայից Հայաստան ներգաղթեց, ընդամենը 16 տարեկան էր: Սկզբում Գյումրիում բնակություն հաստատեցին, որտեղ էլ սկսեց իր թատերական ճանապարհը:

Եվ այդ ճանապարհը 1958-ին նրան հասցրեց Երևան՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որի բեմում էլ անցավ նրա հետագա ողջ ստեղծագործական կյանքը՝ ճիշտ 57 տարի, մի ամբողջ կյանք: Եվ այդ ընթացքում թատրոնի բեմում նրա կերտած բոլոր դերերը հիացրել են հանդիսատեսին:

Թատրոնի վաստակաշատ դերասաններից Ռազմիկ Խոսրոևը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Թատերական արվեստը շատ մեծ կորուստ կրեց․․․ Ցավալի է և փաստ, որովհետև Վարդուհի Վարդերեսյանը իր ամենօրյա աշխատանքով անգամ այս տարիքում մեր բոլորի մեջ արթնացնում էր ազգային արժանապատվության զգացումը: Նրա միջոցով մենք կարողանում էինք տեսնել ու գնահատել մեր ազգի տաղանդավորությունը: Սա էր ամենամեծ գնահատականը: Վարդուհին այնպես ապրեց իր ամբողջ գիտակցական կյանքը, որ երբեք չխառնվեց թատերական ինտրիգներին, որ սովորաբար լինում են թատրոններում: Երջանիկ է այդպիսի արտիստուհի ունեցող ժողովուրդը»:

Մայր թատրոնի գրական մասի ղեկավար Նելլի Շահնազարյանի խոսքով, Վարդերեսյանի՝ թատրոնում աշխատած ավելի քան հինգ տասնամյակի ընթացքում չի եղել թատրոնում մեկը, որ չհիանար, չսիրեր նրան, իսկ հանդիսատեսը պարզապես երկրպագում էր նրան:

Մոտ մեկ ամիս առաջ Վարդուհի Վարդերեսյանը Շահնազարյանին խնդրել էր կազմակերպել իր ստեղծագործական երեկոն՝ ասելով, թե կարոտել է բեմն ու իր հանդիսատեսին:

Երեկոն անցել է Պետական կամերային թատրոնում՝ մեկ շաբաթ առաջ:

«Ամբողջ երեկոն ինքը վարեց, արտասանեց: Շատ-շատ էր կարոտել բեմին և իր հանդիսատեսին: Եկավ, վերջին անգամ բեմ բարձրացավ, հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին, բեմին, կարոտը առավ և կարծես թե երջանիկ մահացավ», - փոխանցեց Շահնազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG