Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր․ ԵՏՄ անդամակցությունը ուղղակի տապալում է մեր ողջ տնտեսությունը


Զարուհի Փոստանջյանն «Ազատության» ստուդիայում:
Զարուհի Փոստանջյանն «Ազատության» ստուդիայում:

Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ), ըստ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՀՀԿ), հայ գործարարները լուրջ խնդիրների են բախվում:

«Պառլամենտ մոնիտորինգ» կայքի տվյալներով վերջին տարվա ընթացքում որևէ հարց չտված և ելույթ չունեցած ՀՀԿ-ական պատգամավորը՝ Ալեքսան Պետրոսյանը, այսօր միանգամից երկու հարց բարձրացրեց: Չնայած քննարկվում էր Ղազախստանին վերաբերող ԵՏՄ մի արձանագրություն, գործարար պատգամավորը խոսեց հայաստանցի արտադրողների առջև ծառացած լուրջ խնդիրների մասին:

Նախ Պետրոսյանն ասաց, թե հայաստանցի արտադրողներից ավելացված արժեքի հարկը երկու անգամ է գանձվում, եթե ինչ-ինչ պատճառներով ուղարկված ապրանքը ամիսներ անց հետ է գալիս Հայաստան․ - «Նման բան առաջ չկար: Երրորդ երկրների հետ մենք մի հատ Էն-Դե-Էս (ավելացված արժեքի հարկ) ենք մուծում, իսկ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ մենք երկու անգամ ենք Էն-Դե-Էս մուծում»:

Պետրոսյանը խոսեց նաև ԵՏՄ տարածքում անհավասար պայմանների մասին՝ հորդորելով կառավարության ներկայացուցչին՝ տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին, լուծել խնդիրը․ - «Մեր մաքսային սահմանի վրա նրանցից [Ռուսաստանից Հայաստան ներմուծողներից] նույնականացման սերտիֆիկատ չենք պահանջում, բայց մեր ապրանքների համար նույնականացման սերտիֆիկատ են պահանջում: Այսինքն՝ երկուսն էլ անօրինական գործընթաց են մեր արտադրողների նկատմամբ»:

Սուրեն Կարայանն արձագանքեց․ - «Մենք հույս ունենք, որ դեկտեմբերի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի ժամանակ փոփոխություն կկատարվի Եվրասիական տնտեսական միության մասին մայր պայմանագրում, և ավելացված արժեքի հետ կապված խնդիրները կկանոնակարգվեն»:

Կառավարության ներկայացուցիչը նաև պարզաբանեց, որ ԵՏՄ սահմանին հայ գործարարներից նույնականացման սերտիֆիկատ կարող են պահանջել միայն այն ապրանքների համար, որոնց մաքսատուրքերը տարբերվում են ընդհանուր սահմանվածներից և որպես բացառություն հաստատվել են, երբ Հայաստանը միանում էր տնտեսական այդ միությանը․ - «Մնացած բոլոր ապրանքատեսակների մասով իրավունք չունեն և չեն կարող պահանջել նույնականացման սերտիֆիկատներ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց, թե իշխանություններն ինչպես էին մեկ տարի առաջ հիմնավորում ԵՏՄ անդամակցության անհրաժեշտությունը տնտեսական և անվտանգության գործոններով․ - «Մինչդեռ այս տարի մենք ականատեսը եղանք, որ ոչ միայն արտաքին անվտանգության խնդիրները այսօր առկա են և սպառնում են մեր պետականությանը, այլ նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը ուղղակի տապալում է մեր ողջ տնտեսությունը»:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ավարտը վերածվեց վիճաբանության դահլիճում ներկա ՀՀԿ-ական կին պատգամավորների հետ: Երբ Փոստանջյանը խոսում էր բոլոր ոլորտներում տապալված իշխանությունը փոխելու անհրաժեշտության մասին, «ամոթ» բացականչություններ հնչեցին:

«Ամոթը ձե՛զ, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմի մեջ: Ամոթը ձե՛զ, որ նպաստում եք մեր երկրի անկմանը: Ամոթը ձե՛զ, որ նպաստում եք արտագաղթին», - հակադարձեց Փոստանջյանը:

Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Մի անգամ գոնե ողջամիտ ելույթ ունեցեք: Եվ շատ մի տանջվեք: Եթե խորհրդարանը համաձայնվի, Ձեր ձայնագրությունը, որովհետև նույն ելույթն եք ունենում, ֆոնոգրաման միշտ կտեղադրենք, կլսի ժողովուրդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG