Մատչելիության հղումներ

Վարչապետի երկու արտերկրյա այցերի ժամանակ հուշանվերների վրա 7 միլիոն դրամ է ծախսվել


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր չինացի գործընկեր Լի Կեցյանի հանդիպումը Պեկինում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և իր չինացի գործընկեր Լի Կեցյանի հանդիպումը Պեկինում, 22-ը սեպտեմբերի, 2015թ.

40 տարվա հնեցման կոնյակներ, թանկարժեք գորգեր, գինի և չիր: Այս ամենը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը ձեռք է բերել որպես հուշանվեր՝ Չինաստան և Տաջիկստան կատարած այցերի համար՝ բյուջեից ծախսելով ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դրամ:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերին աշխատանքային այցով մեկնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Աբրահամյանի որոշման հիման վրա՝ այցի համար որպես հուշանվեր «Մեգերյան կարպետ» ընկերությունից ձեռք է բերվել 3 ձեռագործ բամբակյա գորգ՝ 4 միլիոն 200 հազար դրամ ընդհանուր արժեքով: Շուրջ 1.5 միլիոն դրամ է ծախսվել կոնյակների ձեռքբերման համար, այդ թվում՝ 1 շիշ 40 տարվա հնեցման «Սպարապետ» կոնյակը՝ 400 հազար դրամով, և երկու շիշ «Կիլիկիա» կոնյակ՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամով:

Երևանի նախկին քաղաապետ Վահագն Խաչատրյանը չի ժխտում՝ հուշանվերները պետք են, բայց ասում է՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ երկրի հնարավորություններին:

«Հարցնում ենք մեր բյուջեի վիճակը ոնց է՝ պարզվում է մեր բյուջեն պահուստային միջոցներ չունի, որի պատճառով, ես գիտեմ, որ տարբեր ծրագրեր սառեցվել են։ Մենք պետք է ներկայանալի լինենք, բայց ամեն մեկս ներկայանում ենք մեր հնարավորությունների սահմանում»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարության աշխատակազմից «Ազատության» հարցմանն ի պատասխան նշում են, որ արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով հուշանվերների ընտրության, ինչպես նաև դրանց քանակների և տեսականու որոշման ժամանակ հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ այցի նպատակը, պաշտոնական հանդիպումների քանակը, տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները, դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և այլն:

Գործադիրի ղեկավար Հովիկ Աբրահամյանը դատարկաձեռն չի եղել նաև հոկտեմբերին Տաջիկստան կատարած այցի ժամանակ: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու համար Դուշանբե այցելած կառավարական պատվիրակությունը որպես հուշանվեր ձեռք է բերել երկու շիշ «Կիլիկիա» կոնյակ՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամով, ևս 120 հազար դրամ ծախսվել է կոնյակի փորագրված տուփերի վրա: Իսկ 279 հազար դրամ էլ ծախսվել է թարմ և չորացված մրգերի 3 հավաքածու ձեռք բերելու համար:

Թե՛ Չինաստան, թե՛ Տաջիկստան կատարած այցերի համար նախատեսված պայմանագրերը կնքվել են մեկ անձից գնման եղանակով՝ առանց բաց մրցույթի հայտարարման: Կառավարության համար հուշանվեր կոնյակները հիմնականում մատակարարում է «Ագուլիս Մեկ» ընկերությունը:

Կառավարությունից ի պատասխան հայտնում են, որ հուշանվերը հնարավոր է ձեռք բերել գնման մրցակցային եղանակով, եթե նախօրոք պարզ է հուշանվերի քանակն ու տեսակը, և ժամկետի առումով հնարավոր է կիրառել գնման մրցակցային որևէ ձև:

Նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ոչ թե գնի մեջ է նվերի արժեքը, այլ բովանդակության: Հիշելով իր պաշտոնավարման շրջանում տարվող նվերները՝ Խաչատրյանն ասում է, որ իր համար գինը երբեք չափանիշ չի եղել:

«Ինչ-որ կար խանութներում, դրա արժողությամբ էր, դրանից ոչ ավելի։ Հատուկ կոնյակներ, որոնց մասին հիմա գրվում է, ես երբևիցե թույլ էլ չեմ տվել։ Պարզապես օգտվում էինք նրանցից, ինչ կար, տվյալ դեպքում մեր խանութներում վաճառվում էր կամ կարող էր Կոնյակի գործարանի կողմից մեզ տրվեր»,- ասաց նա։

Կառավարության աշխատակազմից ստացված պատասխանում բացակայում է մեր այն հարցի պատասխանը, թե ինչու են որպես հուշանվեր ընտրվել հենց այս ապրանքատեսակները, և ինչու հնարավոր չէր դրանք փոխարինել առավել մատչելի տարբերակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG