Մատչելիության հղումներ

Հրատարակվել է հայկական ջազի ալբոմ-անթոլոգիա


10 ձայնասկավառակներից բաղկացած Arm Jazz 75 անթոլոգիան մտահղացել, կազմել և թողարկել են հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանը և TM Production ընկերության նախագահ Թովմաս Մարտիրոսյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսավորմամբ:

Հայաստանում ջազի պատմությունը սկսվում է անցյալ դարի 20-ական թվականներից: Արդեն 30-ականներին «Մոսկվա» կինոթատրոնում գործում էր Ցոլակ Վարդազարյանի հիմնադրած ջազ նվագախումբը, իսկ 1938 թվականին հիմնադրվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որի առաջին ղեկավարը անվանի կոմպոզիտոր, թավջութակահար Արտեմի Այվազյանն էր: Հետագայում նվագախումբը ղեկավարել են Կոնստանտին Օրբելյանը, Արմեն Մարտիրոսյանը և Արմեն Հյուսնունցը:

1957 թվականից նվագախումբը շուրջ 36 տարի ղեկավարել է Կոնստանտին Օրբելյանը, և հենց այդ ժամանակ է հայկական ջազը շատ սիրելի ու հանրահայտ դարձել թե՛ նախկին խորհրդային տարածքում, թե՛ այլ երկրներում:

Վերջին 75 տարիներին հայկական ջազի ասպարեզում ստեղծված լավագույն 109 ստեղծագործություն է ընդգրկված այս անթոլոգիայում՝ սկսած1938 թվականի ձայնագրություններից:

Լևոն Մալխասյանի խոսքով, փորձել են ոչ մի հեղինակ կամ կատարում բաց չթողնել և հայկական ջազի ողջ ստեղծագործական ընթացքը ներկայացնող անթոլոգիան համահավաք մատուցել մեր երաժշտագետներին ու երաժշտասերներին:

Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ հիմնականում մի կարևոր խնդրի առջև էին կանգնել․ - «Չկար պահպանված ոչ մի տվյալ, թե եղած ձայնագրություններում ովքեր են նվագել, որ ստուդիայում է ձայնագրվել: Փորձել ենք հավաքել, գտնել ամբողջ ինֆորմացիան: Բոլոր 109 ստեղծագործությունների տակ գրված է թե՛ հեղինակը, թե՛ կատարողները, թե՛ ձայնագրման ստուդիան, թե՛ տարեթիվը»:

Բացի 10 ձայնասկավառակներից, անթոլոգիան ունի նաև հայկական ջազի 75-ամյա պատմությունը ներկայացնող գրքույկ, որտեղ տեղ են գտել տեղեկություններ հանրահայտ ջազային նվագախմբերի մասին, հայ ջազմենների կենսագրականներն ու լուսանկարները:

Մեր լավագույն երաժիշտներից Մարտին Վարդազարյանի խոսքով՝ անթոլոգիան երևույթ է մեր երաժշտական կյանքում․ - «Ջազային երաժշտությունը, ինքնամփոփ մնալով միառժամանակ, վերջապես հնարավորություն ունի իր 75-ամյա գործունեության արդյունքը ցուցադրել․․․ համայն մարդկության ջազ սիրողներին»:

Հարցին, թե որոնք են հայկական ջազի առանձնահատկությունները, Լևոն Մալխասյանը պատասխանեց․ - «Պարտադիր չէ ջազային դաշնակահարի, թմբկահարի, կոնտրաբասահարի և այլն․․․ կողքը դնել դուդուկ, թառ, զուռնա, որ դա դառնա հայկական: Հենց մեր հարգելի Արմեն Հյուսնունցի ջազ-բենդը այսօր նվագում ա ամերիկյան ստանդարտ, որի մեջ անմիջապես զգացվում ա Արևելքի շունչը, երանգը»:

Նույն հարցին Մարտին Վարդազարյանը պատասխանեց․ - «Դա հենց հայկական լինելն է․․․ հիմք ընդունելով ազգային երաժշտության էլեմենտները»:

Իսկ Երվանդ Երզնկյանն ասաց․ - «Դա եկավ, հասավ ինչ-որ մի կետի, որը կոչվում ա Հայաստանի ջազ: Եվ երաժիշտները, որ այսօր զբաղվում են դրանով, կարող են շատ հանգիստ, առանց կարմրելու ցույց տալ իրենց արվեստը աշխարհի ուզածդ կետում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG