«Թռչող Առագաստ» ընկերությունը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Ա1 պլյուս» հեռուստաընկերության՝ պահանջելով հերքել «Օրացույց» հաղորդմամբ վերջերս վերահրապարակած տեղեկությունը, թե 2001 թվականի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանվել է Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը, և որ այդ սպանությունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկի անվան հետ։
Ըստ հայցվորի՝ այս տեղեկությունը սուտ է և արատավորում է «Առագաստ» սրճարանի գործարար համբավը։ Սրճարանի շահերը պաշտպանող Հասմիկ Փախանյանի պնդմամբ, դեպքը ոչ միայն «Առագաստ»-ում չի եղել, այլև սպանության փաստ էլ չի եղել։
«Ազատության» հետ զրույցում Փախանյանն ասաց. - «Քրեական գործով դա ամենևին էլ սպանություն չէին որակել, այլ սրտի կաթված։ Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ է դա եղել, չի եղել Առագաստ սրճարանում»։
«Ա1 պլյուս»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, սակայն պնդում է, որ ինքը անձամբ ներկա է եղել սպանությանը։ «Սա սպանություն էր և սպանել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետը»,- «Ազատությանն» ասաց նա։ Իրենց դեմ հայցը Մովսեսյանը համարում է «հիմարություն»։ «Երևի սրճարանի գործերը շատ վատ են, մեզնից մեկ միլիոն փոխհատուցում են պահանջում, հեշտ փող աշխատելու մեթոդ է»,- ասաց նա։
Փաստաբան Փախանյանը չի հերքում, որ սպանության մասին լուրերի պատճառով իրենք զրկվել են հաճախորդներից և սրճարանը վնասներ է կրել: «Ա1 պլյուս»-ի տնօրենն էլ պնդեց, որ չեն պատրաստվում հերքում հրապարակել, իսկ դատարան գնալու են իրենց արխիվով։
«Մենք առաջին վայրկյանից ամեն ինչ ֆիքսած ունենք։ Այդ ժամանակ գլխավոր դատախազն ասաց, որ սա եղել է սպանություն, Վիքիպեդիայում էլ է գրված «Առագաստ»։ Սկսվել է դատավարություն, որի ողջ ընթացքում հնչում էր «Առագաստ» անունը։ «Առագաստ» և «Պոպլավոկ» սրճարանների բաժանում, վերանվանումը տեղի է ունեցել նոյեմբերին, իսկ սպանությունը՝ դրանից առաջ՝ սեպտեմբերին»,- վերհիշեց Մովսեսյանը։
Այն հարցին, թե ինչու են միայն «Ա1 պլյուս»-ի դեմ դատական հայց ներկայացնում, երբ «Առագաստ» անունը շրջանառվում էր այս թեմայով գրեթե բոլոր հրապարակումներում, Փախանյանը պատասխանեց՝ իրենք ուսումնասիրել են միայն «Ա1 պլյուս»-ի հրապարակումը: «Հնարավորություն չի ստեղծվել բոլորի դեմ հայց ներկայացնել»,- ասաց Փախանյանը։
Նա հավելեց, որ իրենց համար կարևորը գումարային պահանջը չէ, որը օրենքով նախատեսված առավելագույնից քիչ է, այլ հերքումը և սրճարանի գործարար համբավի վերականգնումը։