Մատչելիության հղումներ

Դեղ ներմուծող ընկերության ներկայացուցիչը պնդում է՝ հայաստանյան դեղերի շուկան մոնոպոլիզացված է


Դեղատուն Հայաստանում, արխիվ
Դեղատուն Հայաստանում, արխիվ

Հայաստանյան դեղերի շուկան մոնոպոլիզացված է, ինչի հետևանքով դեղերը մինչև 4 անգամ թանկ են Ռուսաստանում վաճառվող նույն դեղերից, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Վիտա ֆարմ» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Մարտիրոսյանը:

«Հայաստանում թանկ են այն կազմակերպությունների արտադրած դեղերը, որոնք Հայաստանի շուկայում մոնոպոլիստ են»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով, իրենց ընկերությունը սկսեց զբաղվել Հայաստան դեղերի ներմուծմամբ մոտ մեկ տարի առաջ, և պարզվեց, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս դեղեր գնել ոչ միայն արտադրող-ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչներից, այլև ներմուծել այն ցանկացած այլ երկրից: Բայց իրականում, պնդեց Հովհաննես Մարտիրոսյանը, ընկերությունները հարկադրված են դեղեր գնել միայն հայաստանյան ներկայացուցիչներից՝ վերջիններիս թելադրած գնով:

«Էստեղ արդեն առաջանում են տարբեր մեխանիզմներ՝ ոչ օրինական, որոնց օգնությամբ նա պահպանում է իր շահերը Հայաստանում և որոշակի մեթոդներ ու գործիքներ օգտագործելով՝ արգելում է, որ ուրիշները ներմուծեն»,- ասաց Մարտիրոսյանը։

Գործարարը պատմեց, թե հայաստանյան դեղերի շուկայի մոնոպոլիստները՝ արտադրող-ընկերությունների ներկայացուցիչները ինչ եղանակով են խոչընդոտում այլ ընկերությունների կողմից նույն դեղի ներմուծումը Հայաստան:

«Ցանկացած դեղ պետք է գրանցվի տվյալ սուվերեն երկրում։ Օրենքը ճիշտ օրենք է, որպեսզի պետությունը կարողանա վերահսկի դեղի որակը, արդյունավետությունը։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում. այն կազմակերպությունները, որոնք այլ ձևով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, այսինքն օրենսդրական դաշտով, գրանցման ժամանակ գրանցվող դեղի հետ կապված իրականացնում են որոշակի փոփոխություններ, որոնք չեն ազդում դեղի որակի և անվտանգության վրա։ Կոպիտ ասեմ՝ տուփի վրա նկարում են ծիտիկ, գրանցում են ծիտիկով տուփը։ Երբ զուգահեռ ներմուծում է կատարվում Հայաստան, ներմուծումների ժամանակ պարտադիր է նույնականացնել պրեպարատը, աշխարհում ընդունված կարգ է և շատ ճիշտ է, որպեսզի խուսափենք կեղծ դեղերից։ Նույնականացման ժամանակ մեր Դեղգործակալությունը ասում է՝ գիտեք ինչ կա, մեզ մոտ գրանցված է ծիտիկով տուփը, էն, որ դու բերել ես Մոսկվայից ու որի վրա ծիտիկ չկա, ես թույլ չեմ տալիս»։

Այս ամենի հետևանքով Հայաստանի դեղերի շուկայում չկա մրցակցություն, դեղերը թանկ են, մարդիկ ավելի շատ են վճարում, ընդգծեց Մարտիրոսյանը.- «Պետությունը պետք է իրականացնի խաղի կանոնների հավասարություն բոլորի համար։ Այսինքն եթե մարդը ներմուծում է Ռուսաստանից, Չինաստանից, Ռումինիայից կամ այլ տեղից, պետությունը պետք է ասի՝ եթե պրեպարատը տվյալ արտադրողինն է, տվյալ պլաշադկայում է արտադրված, էական չէ, թե այդ պրեպարատը որ երկրից է գալիս մեր երկիր։ Բիզնեսը հիմնված է մրցակցության վրա, մարդիկ կգնան, կգտնեն այն երկիրը, որտեղ այդ պրեպարատը տնտեսական պարամետրերից ելնելով առավել էժան է վաճառվում, կբերեն էժանը։ Կլինի մրցակցություն, գները կիջնեն»։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոսեց դեղերի գներից՝ հայտարարելով, որ իրենց աշխատանքի արդյունքում 50 ամենատարածված դեղերի 60 տոկոսի դեպքում թանկացում չկա, 34 տոկոսի դեպքում գները նվազել են շուրջ 30 տոկոսով, իսկ մնացած դեպքերում բարձրացել են մինչև 3 տոկոս։

«Որևիցե մենաշնորհային, որևիցե հատուկ պայմանավորված դաշտ չի ձևավորվել»,- ասաց Մուրադյանը։

Սակայն այդքանով հանդերձ նախարարը տեղեկացրեց՝ Հայաստան ներմուծվող դեղերի մոտ 70 տոկոսը պատկանում է ընդամենը չորս ընկերությունների: «3-4 կազմակերպություններ են՝ «Վագա ֆարմ», «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ» և «Էսկուլապ», մոտավորապես իրար հետ շուրջ 70 տոկոսն են կազմում։ Որևէ մեկը գերիշխող դիրք չունի»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG