Մատչելիության հղումներ

Եվ «Այո»-ի, և «Ոչ»-ի ճակատը վստահ է՝ դեկտեմբերի 6-ին իր տեսակետն է հաղթելու


Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակում, այսօր համոզմունք հայտնեց «Ոչ»-ի շտաբի պետ, Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ բոլորի համար ակնհայտ է՝ «ոչ»-ը հաղթել է:

«Կարծում եմ՝ իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, որովհետև արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը, մերժում է սահմանադրական փոփոխությունները։ Դուք էլ բոլորդ արդեն գիտեք, որ «ոչ»-ը հաղթած է, եկեք ձևականություն չանենք, գնացեք գյուղեր, մարդկանց հետ խոսեք... դուք էլ բոլորդ «ոչ»-ի կողմնակից եք, ես վստահ եմ։ Ու շատ լավ գիտեք ժողովրդի տրամադրությունը։ Հասկանալի է, որ եթե լիներ ազատ, արդար ընտրություն, հանրաքվե, իշխանությունը տասը տոկոսի շանս չէր ունենա։ Սա է պատկերը»,- ասաց Զուրաբյանը։

«Պատկերացրեք, եթե նրանք ապահովեն «այո»-ի հաղթանակը։ Ամբողջ ժողովրդի համար և ոչ միայն մեր ժողովրդի համար, ամբողջ միջազգային հանրության համար պարզ կլինի, որ Հայաստանում ոտնահարվել է հայ ժողովրդի կամքը։ Արդեն պարզ է, թե ո՛րն է հայ ժողովրդի կամքը։ Հիմա դա պրոբլեմ է առաջացնում ո՞ւմ համար. պարզ չէ՞, որ այդ կամքը արհամարհող իշխանության համար»,- հավելեց Զուրաբյանը։

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչդեռ հակադարձում է՝ դեկտեմբերի 6-ին «այո»-ն է հաղթելու, և պետք է պարզել, թե դրանից հետո «ոչ»-ի ջատագովներն ինչ վիճակում են հայտնվելու:

«Ո՞ր դեկտեմբերի 6-ից հետո՝ 99 թվականի, 2000, 2001... 15 տարի է անընդհատ լսում ենք ինչ-որ օրեր՝ դեկտեմբերի 6, նոյեմբերի 1, աշուն, գարուն և այլն։ Այդ գործչի [Լևոն Զուրաբյանի] վաղեմի երազանքն է, 98 թվականից նոր մանկություն է արթնացել իր մեջ, և դա իր մանկական երազանքն է։ Իհարկե, մի փոքր մանկությունը երկար է տևում, բայց ոչինչ, կհարմարվենք։ Բնականաբար, ես համոզված եմ, որ ժողովուրդը կտա իր դրական քվեն, և արդեն այդ հարցը պետք է տաք իրենց, թե «ոչ»-ը ինչ կարգավիճակում կհայտնվի»,- ասաց Բաղդասարյանը։

«Ոչ»-ի ճամբարից առանձին Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան» շարժումը նպատակ ունի դեկտեմբերի 1-ից նախատեսված հանրահավաքների միջոցով տապալել հանրաքվեն և իշխանափոխություն իրականացնել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այսօր հարցրեցինք, թե որքանո՞վ է իրատեսական իրենց սցենարը՝ հաշվի առնելով, որ «Նոր Հայաստան»-ի մարզային հանդիպումներին հաշվված մարդիկ են մասնակցում:

«Ես ռեալ եմ համարում, ամեն ինչ ռեալ եմ համարում։ Դուք գիտեք, որ մենք հայտարարել ենք անհնազանդության միջոցառումների սկիզբ, որը պետք է մեկնարկի դեկտեմբերի 1-ից։ Ես չեմ ասում, որ դեկտեմբերի 1-ին մենք հեղափոխության օրն ենք նշանակում։ Այդպես չէ՛։ Բայց դեկտեմբերի 1-ից մենք սկսում ենք անհնազանդության գործողությունների մի շարք»,- ասաց Փոստանջյանը։

Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մինչդեռ պնդում է՝ մարդիկ թացը չորից կարողանում են տարբերել: «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Աղվան Վարդանյանը չի հարցնում՝ «այո», թե՝ «ոչ» են քվեարկելու:

«Ես հավատաքննիչ չեմ»,- պարզաբանում է դաշնակցական պատգամավորն, ապա ընդգծում, թե բոլոր հնարավորություններն առկա են նորմալ հանրաքվե անցկացնելու համար.- «Էսօր լավ բան էր գրել տիկին Փոստանջյանը՝ «Ամառը անցավ, ես քեզ չտեսա, գարունը անցավ, ես քեզ չտեսա...»։ Հիմա դեկտեմբերի 1-ն էլ կանցնի, մենք կտեսնենք՝ ի վերջո այսօրվա հանրահավաքը ինչ կլինի, դեկտեմբերի 1-ին ինչ կլինի։ Ես մեծ հույս ունեմ, և մենք դրա համար ամեն ինչ անում ենք, որ հանրաքվեն անցնի նորմալ պայմաններում։ Ես իդեալիստ չեմ, ես մեր իրականությունը հրաշալի գիտեմ, իլյուզիաներ չունեմ, բայց վստահ եմ, որ հնարավոր է նորմալ, հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացնել»։

XS
SM
MD
LG