Չորս երեխա ունեցող Արտեմն ու Լաուրան, վերջինիս հաշմանդամ քույրը ապրում են վարձով՝ մեկ սենյականոց տանը: Ընտանիքը նաև տանիք է տվել բարեկամուհուն ու նրա հաշմանդամ որդուն, ովքեր տան վարձը չմուծելու պատճառով հայտնվել էին փողոցում։
«Ուղղակի որ իրանք տեղ չունեին․․․ Ճիշտ ա, մենք էլ մի լավ օրի չենք, բայց դե ինչ արած», - ասաց Արտեմը:
Ընտանիքի հայրը բանվորություն է անում, ամռանն աշխատանք ունենում է, ցրտերին սովորաբար գործ չի լինում։ Բազմանդամ ընտանիքի ամսական եկամուտը 68 հազար դրամ է՝ նպաստն ու հաշմանդամության թոշակը։
«47 հազար դրամ նպաստ ենք ստանում, թոշակով: Աշխատանք չունենք ամուսիններով, դրանով յոլա ենք գնում: Գոյատևում ենք: Այսինքն վարձ ենք տալիս 30 հազար, մնացածը կոմունալ ու ապրում», - փոխանցեց Լաուրան:
Մոր խոսքով, երեխաները քաղցած չեն մնում, մոտակա առաքելական եկեղեցու՝ Սուրբ Հակոբի ճաշարանից ամեն օր նրանց համար 4 աման կերակուր են ստանում, խանութներում էլ բարի են գտնվում և իրենց ապառիկով մթերք վաճառում։
Ամենաբարդը մեկ սենյակում տեղավորվելն է. այստեղ ուտում են, քնում, լվացվում, լողանում, հեռուստացույց դիտում ու դասեր սովորում։
Տան պատուհանների ապակիները կոտրված են ու ցելոֆանով կարկատված։ Ձմռանը տունը տաքացնում են փայտի վառարանով։ Վառելափայտի մի մասն արդեն հավաքել են։
Լաուրայի 16 և 12 տարեկան տղաները չցանկացան տեսախցիկի առջև խոսել, մայրը ենթադրեց՝ ամաչում են։ Երեխաներից ամենահամարձակը Էլենան է։ Նրա երազանքը Ամանորին նոր տիկնիկ ստանալն է ու երբևէ Երևանից դուրս որևէ տեղ ճամփորդելը։
4 երեխաների մեծ երազանքի մասին նրանց հետ ապրող մորաքույրը գիտի․ - «Միայն իմ երազանքը իրանց բնակարան ունենալն ա: Երեք տղա են, ապագա ա պետք իրանց համար: Դե որ բնակարան ունենան, վարձ էլ չեն տա»:
Լաուրան վստահ է՝ ծայրահեղ աղքատության ճիրաններից կարող են դուրս գալ, եթե աշխատանք ունենան․ - «Որ աշխատենք․․․ Մենք էլ լավ ապրենք, էլի»: