Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար իրականացվող շռայլ ծախսերի մասին հրապարակումներին: Ալավերդյանը հայտարարեց՝ անիրատեսական գնումներ չեն իրականացվել:
«Ապրանքները ձեռք են բերվել Հայաստանի գործող խոշոր կազմակերպություններից մեկում, ինչպես ասում են՝ «Իդեալ» համակարգ, ապրանքները իրենց որակով ու գնով համապատասխանում են պահանջներին»,- ասաց պաշտոնյան։
«Ազատությունն» օրեր առաջ անդրադառնալով Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի լոգասենյակների կահավորմանը՝ նշել էր, որ այդ նպատակով բյուջեից ծախսվել է 37 միլիոն դրամ: Օրինակ, 3 միլիոն 700 հազար դրամ էր վճարվել 95 հատ խոշորացույցով հայելի գնելու համար, յուրաքանչյուրը՝ 39 հազար դրամով: Ավելի քան 4.5 միլիոն դրամով ձեռք էր բերվել անձեռոցիկների 114 մետաղական տուփ, յուրաքանչյուրը՝ 40 հազար դրամով: «Իդեալ» խանութների ցանցը ներկայացնող ընկերության հետ կնքված պայմանագրով ավելի քան 7 միլիոն դրամ տրամադրվել էր օճառի տարաներ գնելու համար: Տարաներից յուրաքանչյուրն, ըստ պայմանագրի, արժեցել է 61 հազար դրամ: Նախարարի տեղակալը անդրադարձ կատարեց հենց օճառի տարաներին:
«Նկատի են ունեցել այն ապրանքը, որը եվրոպական արտադրության օճառաման է, նախատեսված է ոչ թե մեկ օճառի անհատական օգտագործման համար, այլ օգտագործվում է բազմակի ապրանքների տեղադրման համար։ Այդ ապրանքի անվանումը այդպես է, և դիցուք, ապրանքի գինը 40 հազար է, դա ոչ թե մեկ օճառաման է, այլ...»,- ասաց փոխնախարարը՝ այդպես էլ անավարտ թողնելով օճառամանների մասին իր խոսքը։
Երեկ Ֆինանսների նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, թե պայմանագրով ձեռք բերված և հրապարակումներում տեղ գտած ապրանքների նկարագրությունները տարբերվում են միմյանցից, մինչդեռ «Ազատության» բերած օրինակները վերցված էին նախարարության գնման պայմանագրից, որը հիմա էլ հասանելի է կառավարության կայքում։
Դիլիջանի ուսումնական կենտրոնի լոգասենյակների համար թանկարժեք պարագաները ձեռք էին բերվել մեկ անձից գնման եղանակով: Ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ գնման հրավերն ուղարկվել է երեք կազմակերպության, և մրցույթի արդյունքում է հաղթող ճանաչվել «Իդեալ» խանութների ցանցը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ իրականացվել է ոչ մրցակցային բնույթի գնում:
«Երբ կամայական հնարավոր մատակարարի մասնակցությունը տվյալ մրցույթին սահմանափակված է, դա արդեն ոչ մրցակցային ձեռքբերում է։ Այնինչ մեր օրենսդրությունը հստակ սևը սպիտակի վրա ասում է, որ գնումների նախընտրելի ձևը բաց մրցույթն է»,- ընդգծեց փորձագետը։
Ֆինանսների նախարարի տեղակալից մենք փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ լոգասենյակի պարագաները ձեռք չեն բերվել բաց ընթացակարգի մրցույթով:
«Ինձ լոգասենյակը ամենաքիչն է հետաքրքրում, պատկան վարչությունը ամեն ինչ կատարել է օրենսդրությանը համապատասխան»,- պնդեց Ալավերդյանը։
Պարզաբանման մեջ նախարարությունը նշում է նաև, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի կողմից տարածած տեղեկատվությունը, որ կենտրոնում առկա են միայն չորս լսարաններ, չի համապատասխանում իրականությանը:
Մանուկյանը հակադարձում է՝ նախարարությունը շփոթում է լսարանները և դահլիճները.- «Լսարաններին գումարել դահլիճներ և ներկայացնել, որ դրանք ութն են, ինձ թվում է՝ աչքակապություն է»։
Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնը տարածաշրջանային կենտրոնի վերածելու խնդիր է դրված:
«Մենք Դիլիջանում կառուցում ենք ամենաբարձր ստանդարտներին համապատասխան ուսումնական կենտրոն, որը ունենալու է իր ամբողջ ենթակառուցվածքը։ Դա միայն դահլիճը չէ, դա ուսումնական լսարան չէ, դա նաև կացարաններ է, դա նաև միջոցներ, պայմաններ է»,- ասաց Ալավերդյանը։
Փորձագետ Արտակ Մանուկյանը, հիշեցնելով, որ Կենտրոնական բանկը ևս Դիլիջանում շուրջ 150 միլիոն դոլարով նմանատիպ հաստատություն է կառուցել, զարմանք հայտնեց, թե ինչով է պայմանավորված գերժամանակակից տնտեսություն չունեցող երկրում երկրորդ գերթանկարժեք «ուսումնական կենտրոնի» կառուցումը, այն դեպքում, երբ Ֆինանսների նախարարությունը ունի ուսումնական կենտրոն Երևանում:
«Այն տնտեսության համար, որտեղ կան մի շարք գերակա սոցիալական խնդիրներ, անել նման բնույթի ծախսեր, որոնք ոչ առաջնային են, իմ կարծիքով՝ շռայլություն է»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ ուսումնական կենտրոնի կառուցման համար բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է 13․5 միլիարդ դրամ: Կենտրոնը պետք է շահագործման հանձնվեր տարեվերջին, սակայն ֆինանսական միջոցների սակավության պատճառով կառավարությունն այսօր որոշեց շահագործումը հետաձգել մինչև հաջորդ տարի: