«Նվիրում» խորագրով գիրք-ալբոմի շնորհանդեսին «Ազատության» հետ զրույցում քառյակի երկարամյա գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակը՝ Էդվարդ Թադևոսյանն ասաց, որ թևակոխելով արդեն 91-րդ տարեդարձը նշելու ժամանակաշրջանը, իրենց հաջողվել է Մշակույթի նախարարության աջակցությամբ այսպիսի մի գիրք-ալբոմ հրատարակել, որը ընդհանրական ամփոփումն է անցած ստեղծագործական ուղու:
«Դժվար է, իհարկե, հարյուր կամ մի քիչ ավել էջի մեջ տեղավորել 90-ամյա պատմությունը, բայց աշխատել ենք սեղմ ներկայացնել քառյակի անցած ուղին: Նշված են բոլոր երաժիշտները, ովքեր աշխատել են քառյակում՝ իրենց կենսագրականներով: Շատ հետաքրքիր նկարներ կան՝ սկսած մեր հենասյունից՝ Ավետ Գաբրիելյանից», - հավելեց Թադևոսյանը:
Հարցին, թե որն է քառյակի յուրահատկությունը, հատկապես ինչ բնութագրող դիմագծերով է այն առանձնանում, ավելի քան 40 տարի անվանի քառյակի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց, որ քառյակի անդամները երբեք չեն կորցրել իրենց դեմքը որպես անհատ երաժիշտ-կատարողներ․ - «Պարբերաբար քառյակի անդամները ելույթ են ունենում որպես մենակատարներ: Երկրորդը, սիստեմատիկ կատարում ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»:
Երրորդ առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ բոլոր ժամանակներում քառյակի բոլոր անդամները հայ երաժիշտներ են եղել:
9 տասնամյակների ընթացքում քառյակը բազմաթիվ համերգներ է ունեցել աշխարհի շատ ու շատ երկրներում՝ հիացնելով ունկնդրին, ինչի մասին վկայում են տարբեր ժամանակներից մնացած ամենատարբեր վավերագրերը:
Ուշագրավ է, որ Կոմիտասի անվան լարային քառյակը կարող էր նաև հայտնվել Գիննեսի գրքում․ - «Եղել է փորձ մտնել Գիննեսի գիրք: Որովհետև միակն է, որ անդադար, 90 տարի գործել է առանց ընդմիջումների: Բայց այնտեղից պատասխան ստացանք, որ հիմնադիրներից գոնե մեկը պետք է կենդանի լինի և նվագի»:
Հարցին՝ արդյո՞ք տեսնում է արժանի հետևորդներ մեր երաժշտական ասպարեզում, Թադևոսյանն արձագանքեց․ - «Ես շատ եմ դրա մասին մտածել․․․ Բայց, ցավոք, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Շատերը, որոնք արժանի են դրան, դրսում են: Իսկ դրսի բարեկեցիկ կյանքը տեսած մարդը․․․ Դա պատճառներից մեկն է: Երկրորդն էլ, ուղղակի պիտի նվիրվածություն լինի: Քառյակը կամերային երաժշտության ամենաբարդ ժանրն է, և քառյակը պիտի դառնա քեզ ընտանիք, պիտի մոռանաս ընտանիքը ինչ-որ տեղ և նվիրվես այդ գործին»:
Մինչև տարեվերջ Կոմիտասի անվան լարային քառյակը շնորհանդեսի կներկայացնի նաև երեք ձայներիզից բաղկացած ալբոմը՝ իրենց լավագույն կատարումներով: