Մի շարք երկրներ ուժեղացնում են անվտանգության միջոցառումները՝ ավելի քան 130 մարդու կյանք խլած նոյեմբերի 13-ի դեպքերից հետո:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը, «Ռոյթերզ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտնել է Եվրամիության անդամ երկրներում առաջիկա օրենսդրական փոփոխությունների մասին՝ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:
Մինչ օրենսդրական փոփոխությունները մասնավորապես Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 5-բալլանոց սանդղակով 3-4-րդ աստիճանի է հասցնելու անվտանգության միջոցառումները: Ըստ ոստիկանության, ուժեղացված հսկողություն է իրականացվում հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող, հանրային վայրերում, օտարերկրյա դեսպանատների տարածքներում:
Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «ստացել է կոնկրետ տեղեկություն» վտանգի մասին: Երկրի անվտանգության ծառայության պետ Անդերս Թյորնբերգը հայտարարել է ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով մեկ ձերբակալության մասին: Դատախազությունը քրեական գործ է հարուցել «ահաբեկչության նախապատրաստման» փաստով՝ զերծ մնալով հավելյալ տեղեկությունների հրապարակումից:
Ավելի վաղ Նիդերլանդների իշխանություններն էին հայտարարել անվտանգության միջոցառումները խստացնելու մասին:
Գերմանիայի ներքին գործերի նախարարը, «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հորդորել է «ուշադրություն դարձնել ընկերների, ընտանիքների անդամների շրջանում արմատականության դրսևորումներին»:
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը փոխանցում է Ռուսաստանի վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցի հայտարարությունը․ - «Մեզ մոտ հանրային, հատկապես մանկական հաստատությունները օժտված են բավականին լուրջ անվտանգության համակարգով»: Այնուամենայնիվ, նրա խոսքով, ձմեռային արձակուրդներին ընդառաջ լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն:
Անվտանգության միջոցառումների խստացման մասին են հայտարարել նաև Նորվեգիայի, այլ երկրների պաշտոնյաներ ևս: