Մատչելիության հղումներ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ թեժ մթնոլորտում


Վարչապետ Հովիկ Աբրահամյան
Վարչապետ Հովիկ Աբրահամյան

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարց ուղղելուց առաջ հայտարարեց՝ իրենց կասկածները, որ վարչապետն ու կառավարության անդամներն իրենց վարչական լծակները չարաշահելու են «այո»-ի քարոզարշավի օգտին, հաստատվել են:

Իրենց տեղեկություններով, ասաց Զուրաբյանը, մարզպետները ճնշումներ են բանեցնում հազարավոր ուսուցիչների, բուժաշխատողների վրա՝ ստիպելով «այո»-ի ցուցակներ կազմել և ձայներ ապահովել:

«Դուք, ձեր շտաբը դրդում եք մարդկանց մի քրեական հանցագործության, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում։ Հիմա ես ձեզ դիմում եմ՝ մի՛ դարձրեք, խնդրում եմ, զանգվածաբար հազարավոր մարդկանց հանցակից այս սահմանադրական հանրաքվեի կեղծմանը»,- ասաց Զուրաբյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ հորդորեց փաստերով խոսել, ապա կոչ արեց քաղաքացիներին նման ճնշումների դեպքում անձամբ իրեն դիմել: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք գնալու ենք արդար հանրաքվե անցկացնելու ճանապարհով, և հանրությունն է որոշելու՝ «այո» կասի, թե՝ «ոչ»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պահանջեց ստուգել Սերժ Սարգսյանի մասին տարիներ ի վեր օդում կախված չստուգված լուրերը:

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի և տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները այսպես ասած Հռոմի պապի հետ հարաբերությունների բարելավման անվան տակ քողարկելու մասին»,- ասաց պատգամավորը։

Օդում կախված լուրերը ստուգելու պահանջ փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում հնչեցրել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ, որ այդ ժամանակ դեռ քաղաքականությունից և ԲՀԿ-ից չէր հեռացել, ավելին՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պատրաստվում էր հրապարակներ լցնել: Սերժ Սարգսյանի ելույթի ոճը պահպանելով՝ Փաշինյանը շարունակեց.- «Վարչապետին հորդորում եմ նաև այս խնդրի ուսումնասիրության համատեքստում օգտագործել իր ձեռքի տակ եղած գործիքների ողջ զինանոցը՝ սկսած բամփելուց և ավարտած որևէ մեդալով պարգևատրելուց»։

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց.-«Եթե դուք ունեք չստուգված լուրեր, ապա այդ լուրերը պահեք ձեր մեջ։ Եթե ունեք որոշակի փաստեր և ենթադրում եք, որ տեղի է ունենում հանցագործություն, ապա դիմեք իրավապահ մարմիններին»։

Զարուհի Փոստանջյանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է հայտնվել հեռուստահաղորդավարի դերում, ինչպե՞ս է ընտրվել հենց ինքը, ասաց՝ այդ հարցում դժգոհություններ կան:

«Ինչպե՞ս կարող են այլ պետական պաշտոնյաները ևս ընդգրկվեն այդպիսի շոուների մեջ, նրանց ցանկությունն էլ է մեծ այդպիսի հաղորդում վարելու։ Ասում են, որ ձեզանից ավելի տաղանդավոր են և շատ սխալ է, որ ձեզ է Հանրապետական կուսակցությունը գործուղել այնտեղ»։,- ասաց Փոստանջյանը։

Արմեն Աշոտյանը արձագանքեց.- «Ասեմ, որ մի շաբաթ ուշացել եք, որովհետև մեկ այլ քաղաքական ուժ է զբաղվում իմ հաղորդաշարի PR-ով խորհրդարանում։ Բայց եթե որոշել եք այդ մարդկանց գործին խփել, խնդրեմ, ձեզ էլ օգնեմ, դուք էլ փորձեք այս ասպարեզում դրսևորվել»։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արամ Մանուկյանը էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հարցրեց՝ հնարավո՞ր չէ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել՝ հաշվի առնելով, որ նոր սեփականատիրոջ օրոք կորուստները կրճատվելու միտում ունեն: «Հանրապետության կտրվածքով եթե նայենք, մոտ 4 դրամով կարող է հոսանքի սակագինը իջնել»։

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի պատասխանը հակիրճ էր.- «Այսօր էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորություն չկա»։

XS
SM
MD
LG