Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ոչնչացված մթերքի հարցերով արտահանողները չեն կարող դիմել ԵՏՄ դատարան


ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Թումանյանը
ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Թումանյանը

ԵՏՄ դատարանում հայաստանցի դատավոր Արմեն Թումանյանի պարզաբանմամբ՝ այդ դատարանին ընդդատյա են միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների հետ կապված հարցերը:

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դատարանում Հայաստանի ներկայացուցիչն անօրինական չի համարում, երբ Ռուսաստանը սանիտարահիգիենիկ պատրվակներով սահմանափակումներ է մտցնում միության անդամ երկրներից ապրանքի ներկրման նկատմամբ:

Արմեն Թումանյանի խոսքով, եթե միության անդամ երկրներից Ռուսաստան ներկրումները արգելվում են ֆիտոսանիտարական նորմերին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, ներկրող տնտեսվարողները չեն կարող դիմել ԵՏՄ դատարան։

«Էսօրվա օրով Ռուսաստանը փակում է, օրինակ, Լեհաստանի խնձորը, Բելառուսը իր տարածքով այդ խնձորը ներկրում է Ռուսաստան։ Ուրիշ ձևի չի կարող Ռուսաստանը այդ խնձորը տոռմուզ տա, բացի ֆիտոսանիտարական նորմերից։ Դրա համար ասում է՝ էս խնձորի կաշին մի քիչ հաստոտ ա, ինձ չի դզում։ Ուրիշ բան չի կարող ասել, որովհետև միասնական տնտեսական տարածք է։ Միայն ֆիտոսանիտարական նորմերով կարող է տոռմուզ տալ, այլապես սանկցիաները իմաստ չեն ունենա», - ասաց ԵՏՄ դատարանի դատավորը։

Ամիսներ առաջ հայաստանցի մի գործարար երկու հարյուր կիլոգրամ ձուկ էր արտահանել Ռուսաստան, սակայն Սոչիում արգելել էին դրա մուտքը ՌԴ տարածք՝ պատճառաբանելով, որ արտահանող ընկերությունը «Ռոսսելխոզնադզոր»-ի ցանկում չկա։ Ու թեև հայ ձեռներեցը պնդում է, որ հակառակն ապացուցող փաստաթղթեր ունի, դատավոր Թումանյանն ասաց, որ նույնիսկ այդ դեպքում նա չի կարող դիմել ԵՏՄ դատարան:

Թումանյանը պարզաբանեց, որ ԵՏՄ դատարանին ընդդատյա են միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների հետ կապված հարցերը: Ընդ որում, տնտեսվարողը նախ պետք է դիմի Տնտեսական հանձնաժողով, և եթե վերջինը չլուծի հարցը, այդ դեպքում միայն կարող է դիմել ԵՏՄ դատարան։

Թումանյանի խոսքով՝ անցած մեկ տարում դատարանը բազմաթիվ «սխալ» հայցեր է ստացել, որոնք իրենց իրավասության ներքո չեն: Իսկ եթե հայցն ընդունվում է, և վճիռը կայացվում է հօգուտ գործարարի, ԵՏՄ դատարանի չի կարող պարտավորեցնել փոխհատուցում վճարել, ինչպես անում է, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։

Նա նաև անթաքույց ուրախությամբ ընդգծեց, որ Եվրադատարանի հետ զուգահեռները քիչ են․ - «Բոլոր միջազգային դատարանները հակառուսական որոշումներ են կայացնում։ Մենք ընդունում են այդ պայմանագիրը միջազգային, բայց մենք չենք ընդունում ՄԻԵԴ-մեկնաբանությունը, որովհետև դու մեկնաբանում ես նենց, ոնց որ քեզ ա պետք»:

Արմեն Թումանյանը գոհ է, որ այժմ ինքը փորձի փոխանակում է անում ռուսների, բելառուսների և ղազախների հետ, որոնց հետ կիսել ենք խորհրդային անցյալը․ - «Ամերիկացին գալիս լեկցիա էր կարդում․․․ Միանգամից ցածրացանք։ Անգլիացին գալիս սովորացում ա, ամերիկացին գալիս սովորացնում ա, է հետո՞»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG