Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես եկավ Լոնդոնի Սուրբ Մարտին եկեղեցու կամերային նվագախումբը


Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը աշխարհահռչակ ջութակահար Ջոշուա Բելն է:

Լոնդոնի Սուրբ Մարտին եկեղեցու կամերային նվագախումբն ու աշխարհահռչակ ջութակահար, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ջոշուա Բելը երեկ երեկոյան «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահում առաջին անգամ հանդես եկան ու հիացրին հայ երաժշտասերներին:

Համերգը կազմակերպած «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը համերգին նախորդած ասուլիսում շեշտեց, որ առնվազն 8 տարի բանակցություններ են վարել նման մենակատարի հրավիրելու համար, և շատ կարևոր է, որ փառատոնի հիմնադրման 15-ամյա հոբելյանական այս տարում է, որ ի վերջո իրենց հաջողվեց կազմակերպել այս համերգը․ - «Պիտի ասեմ, որ սա մեր գագաթնակետային համերգներից մեկն է երբևիցե կայացած: Միանգամից երկու մեծություններ՝ սոլիստը և նվագախումբը»:

Աշխարհի թերևս բոլոր հնարավոր մրցանակները վաստակած ամերիկացի ջութակահար Ջոշուա Բելն ասաց, որ տարիներ ի վեր երազում էր Հայաստան գալ ու նվագել այստեղ:

Լոնդոնի Սուրբ Մարտին եկեղեցու կամերային նվագախումբը հիմնադրվել է 1958 թվականին՝ անվանի երաժիշտ սըր Նևիլ Մարիների կողմից: Ջոշուա Բելը նվագախումբը ղեկավարում է արդեն 4 տարի, որոնց ընթացքում միայն «Սոնի» ընկերության հետ ավելի քան 40 ձայնասկավառակ է թողարկել:

Ջոշուա Բելի համոզմամբ, բացի տաղանդից, օժտվածությունից երաժշտին որոշակի հաջողությունների հասնելու համար ոչ միայն անընդմեջ աշխատանք է անհրաժեշտ, այլ նաև ուղղորդվածություն վաղ հասակում․ - «Իմ բախտը բերել էր, մեր ընտանիքը շատ երաժշտական ընտանիք է: Տարբեր մասնագիտության տեր մարդիկ են, բայց անչափ երաժշտասեր, և վաղ հասակից մեզ բոլորիս ստիպեցին սովորել այս կամ այն երաժշտական գործիքը նվագել, ինչի համար անչափ երախտապարտ եմ ծնողներիս»:

Աշխարհահռչակ ջութակահարն ասաց, որ իր մասնագիտական փորձառությունը հղկվել է նաև ամերիկահայ լավագույն ջութակահարներ Իվան Գալամյանի և Վարուժան Կոջոյանի շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG