Մատչելիության հղումներ

Հայաստանն արձագանքում է Փարիզի ողբերգությանը


Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները խստորեն դատապարտում են Ֆրանսիայի աննախադեպ ահաբեկչությունները:

Հայաստանը խստագույնս դատապարտում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատրաստ է ցուցաբերել ամենայն աջակցություն: Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ այսօր կայացած միջոցառմանը նման հայտարարություն արեց նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաքի մի քանի վայրերում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվել է առնվազն 127 հոգի, վիրավորների թիվն անցնում է 180-ից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամեր առաջ հայտարարեց, որ տեղի ունեցածը «Իսլամական պետության» կազմակերպած պատերազմական գործողություն է:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն»,- այսօր իր խոսքում նշեց նախագահ Սարգսյանը: Այսօր ավելի վաղ Սերժ Սարգսյանը պաշտոնապես ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է․ «Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ֆրանսիայի իրենց գործընկերներին այսօր ցավակցություն և զորակցություն են հայտնել նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, վարչապետը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել տեղի ունեցածը դատապարտող հայտարարությամբ: Ֆրանսիայի նախագահին իր ցավակցություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Այսօր Մուսա լեռան հուշահամալիրում էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այն, ինչ կատարվել է Փարիզում, դա պարզապես դժվար գնահատելի երևույթ է: Մենք ողջ ժողովրդով Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք․․․»,- լրագրողներին ասաց պաշտպանության նախարարը

Հայաստանի արտգործնախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ ճշտում են՝ արդյո՞ք զոհերի և վիրավորների թվում կան Հայաստանի քաղաքացիներ:

«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, թե ցնցված է Ֆրանսիայում տեղի ունեցածով: «Ոչ միայն այն պատճառով, որ մարդկային կյանքի կորուստներ կան, այլ նաև, որովհետև Ֆրանսիան մեզ համար սիրելի երկիր է, որի հետ մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք, այդ թվում՝ մշակութային: Եվ, բնականաբար, մեծ ցավով ենք ընդունել այս լուրերը»,- ասաց Զուրաբյանը, հավելելով ՝ այս ամենը ցույց է տալիս, որ մարդկությունը պետք է ավելի վճռական լինի ահաբեկչության դեմ պայքարում:

«Ժառանգության» վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում «ողբերգություն» որակեց տեղի ունցածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG