Մատչելիության հղումներ

Պայթյուններ, կրակոցներ Փարիզում. շուրջ 60 մարդ զոհվել է, 100-ը՝ պատանդառվել


Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցողը բնութագրում են որպես «քաոս»։ Օլանդը արտակարգ դրություն հայտարարեց։

Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր վայրերում քիչ առաջ պայթյուններ և կրակոցներ են հնչել, վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ վեց տասնյակ մարդ, տասնյակ մարդիկ պատանդառվել են։

Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր 18 զոհվածների մասին։

France 24-ի փոխանցմամբ՝ երեք պայթյուն հնչել է Փարիզի Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին։ Հաղորդվում է, որ ֆուտբոլային հանդիպմանը հետևում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը տարհանվել է անվտանգ վայր։ Ըստ BBC-ի՝ հինգ պայթյուն էլ հնչել է «Բատակլան» համերգասրահի մոտ։

Համերգասրահի ներսում հնչել են կրակոցներ. այստեղ են, ըստ հաղորդագրությունների, սպանվել մեծ թվով մարդիկ և պատանդառվել է, վերջին տվյալներով, շուրջ 100 մարդ։ Կրակոցներ են եղել նաև երկու այլ վայրերում, այդ թվում՝ մի ռեստորանի մոտ։

BFMTV-ի լրագրողների վկայությամբ՝ համերգասրահում ունկնդիրների վրա կրակ բացողներից մեկը բացականչել է՝ «սա Սիրիայի համար է»։

CNN-ի փոխանցմամբ՝ համերգասրահում պատանդառվածները վկայել են, որ ահաբեկիչները դիմակներ չեն կրում, ինչից կարելի է ենթադրել, որ փրկվել չեն ակնկալում։

Դեպքերի վայրեր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ, բժիշկներ։ Ականատեսները Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցողը բնութագրում են որպես «քաոս»։

Փարիզի 10-րդ և 11-րդ շրջաններում մի շարք փողոցներ են փակվել, փակ է նաև Հանրապետության հրապարակը։

Ֆրանսիայի նախարարների խորհուրդը գիշերը արտակարգ նիստ է անցկացնում։ Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է մնալ տներում։

Րոպեներ առաջ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

«Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ահաբեկչական հարձակումները դեռ շարունակվում են», - հայտարարել է Օլանդը՝ շարունակելով. - «Մենք կենտրոնացրել ենք բոլոր հնարավոր ուժերը ահաբեկիչներին չեզոքացնելու համար։ Երկու որոշում կընդունվի՝ կհայտարարվի արտակարգ դրություն, որոշ վայրեր կփակվեն, երթևեկությունը կարգելվի։ Արտակարգ դրություն կհայտարարվի ամբողջ տարածքում։ Երկրորդ որոշումը սահմանների փակումն է»։

«Սա մի ահավոր փորձություն է, որ մեզ պատուհասել է», - ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։

Փարիզում տեղի ունեցող իրադարձություններին արդեն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ մասնավորապես հայտարարելով. - «Մենք ֆրանսիացի ժողովրդի հետ ենք, որը մեզ հետ է ահաբեկչության դեմ պայքարում։ ԱՄՆ-ը Ֆրանսիային կառաջարկի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և օժանդակությունը»։

Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահին իր խորին ցավակցությունները և համերաշխությունն է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ռոսիա 24»-ը։

Ֆրանսիայի նախագահի ելույթից քիչ անց ոստիկանությունը գործողություն սկսեց «Բատակլան» համերգասրահում։ Երևանի ժամանակով ժամը 4-ի սահմաններում ոստիկանությունը հայտարարեց գրոհի ավարտի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG