Այսօր կեսօրին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան վերադարձվեց օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, 77-ամյա Լուսիկ Աբովյանը։ Նա այժմ գտնվում է Իջևանի հիվանդանոցում։
Տարեց կինը հետազոտություններից հետո «Ազատությանն» ասաց, որ մառախուղի պատճառով մոլորվել ու սխալ ճանապարհով հասել էր Ադրբեջան։
«Շատ շնորհքով են վերաբերվել, օրը երեք անգամ հաց են տվել։ Առողջականս էլ ա լավ, ճնշումս էլ ա նորմալ, սրտի աշխատանքը շատ լավ ա։ Էնա եղանակը, որ վատ էր, սխալվեցի, դեդը գնացի, գոնե դեսը գնայի, դեդը գնացի։ Էղավ էլի, ես ինչ գիտեմ»,- պատմեց Լուսիկ Աբովյանը։
Իջևանի բժշկական կենտրոնի բժիշկ Ռուզաննա Գրիգորյանը շեշտեց՝ Լուսիկ Աբովյանի մարմնի վրա բռնությունների հետքեր չեն հայտնաբերվել։
«Կատարվել է առաջին բուժօգնություն, ցուցաբերվել է համապատասխան հոգեբանական աջակցություն, կատարվել են բոլոր լաբորատոր հետազոտությունները։ Տատիի մոտ բռնության որևիցե հետք, որևիցե կապտուկի նշաններ չեն հայտնաբերվել, տատիկի առողջական վիճակը կարելի է գնահատել բավարար։ Այսօր կմնա մեր հսկողության տակ, բոլոր հետազոտությունների պատասխանները կլինեն, բուժումը հետագայում կշարունակենք ամբուլատոր տնային պայմաններում»,- ասաց բժիշկը։
Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ Լուսիկ Աբովյանը 4 օր առաջ էր հայտնվել Ադրբեջանի Ղազախի շրջանում։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով հայրենիք վերադարձած տարեց կնոջը այսօր սահմանում դիմավորել էին Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։
Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին արդեն կճշտեն այլ մանրամասներ ևս՝ պարզելու, թե ինչպես է կինը հատել հայ-ադրբեջանական սահմանը։
«Դրա մասին մի քիչ վաղ է խոսելը, կճշտվի, այդ հանգամանքները կիմանանք»,- ասաց նա։
Վերջին տարիներին մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ Հայաստանի քաղաքացիները գերեվարվելուց հետո խոշտանգումների են ենթարկվել։ 2010-ին 20-ամյա Մանվել Սարիբեկյանի՝ գերության մեջ հայտնվելուց մեկ ամիս անց ադրբեջանական կողմը հայտարարեց նրա ինքնասպանության մասին։ Անցած տարի գերի ընկնելուց ընդամենը մեկ օր անց ադրբեջանցիները տեղեկացրին Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ 77-ամյա Մամիկոն Խոջոյանն էլ վերադարձավ խոշտանգումների հետքերով։ Գերության մեջ տևական ժամանակ անցկացրած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը, ինչպես նաև Արսեն Խոջոյանը հայրենիք վերադարձան հոգեկան խնդիրներով։