Մատչելիության հղումներ

Քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցը չի մաքսազերծվում. Հիվանդի հարազատը բողոքում է


Առողջապահության նախարարությունը արգելում է կրծքագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար նախատեսված դեղամիջոցի մաքսազերծումը՝ թույլ չտալով հասցնել այն հիվանդներին:

Դեղը Հայաստանում է, բայց նախարարության պնդմամբ՝ տուփի վրա նշված օգտագործման երկամյա ժամկետը չի համապատասխանում իրենց գրանցած տվյալներին, ըստ որոնց դեղը պիտանի է երեք տարի ժամկետով:

Արմավիրի մարզից «Ազատություն» ռադիոկայան զանգահարած Սմբատ Բալասանյանը պատմում է, որ քաղցկեղով հիվանդ իր հարազատին վիրահատությունից հետո բժիշկը հենց այդ՝ «Քսելոդա» դեղամիջոցն է նշանակել ու զգուշացրել, որ այն փոխարինող չունի: Դժգոհում է՝ հիվանդի վիճակը գնալով ծանրանում է:

«Դեղը դե ֆակտո Հայաստանում է գտնվում, բայց փաստորեն երկու ամիս է չի ներմուծվում, որ մարդը, ով փող ունի, գնա առնի, ով էլ չունի, հայթայթի, չմահանա»,- բողոքեց Բալասանյանը։

Դեղորայքի մեծաքանակ ներկրողներից «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ օրենքը չի արգելում ներմուծել երկու տարվա պիտանելիության ժամկետով դեղը: Պնդում է՝ Առողջապահության նախարարությունն ու նրան հաշվետու «Դեղերի փորձագիտական կենտրոնն» ուղղակի փորձում են իրենցից կախման մեջ պահել ներկրողներին:

«Ուղղակի նախարարության և այդ գործակալության անօրինականությունների պատճառով առայսօր դեղը մնացել է մաքսային պահեստում։ «Դեղերի փորձագիտական կենտրոնը» շահույթ հետապնդող խոշոր կազմակերպություն է և ստանում է հսկայական գումարներ։ Որպեսզի իրենց գոյությունը հիմնավորեն, իբր թե զբաղված են լուրջ գործերով, փորձում են խոչընդոտներ ստեղծել, իբր թե պայքարում են, որ ոլորտը լինի անվտանգ։ Բայց իրականում հակառակ էֆեկտն է ստացվում»,- ասաց Վարանյանը։

Առողջապահության նախարարությունից հրաժարվեցին թեմայի շուրջ հարցազրույց տալ, փոխարենը՝ խորհուրդ տվեցին կարդալ իրենց հրապարակած գրավոր հիմնավորումը, ըստ որի՝ նույն դեղն իրենց մոտ գրանցված է պիտանելիության 3 տարի ժամկետով, իսկ ներմուծվածը 2 տարվա ժամկետ ունի:

«Դեղի անվտանգության և արդյունավետության գնահատումը բարդ ու պատասխանատու գործընթաց է, Առողջապահության նախարարությունը չէր կարող շուտափույթ որոշումներ ընդունել՝ առանց բավարար հիմքերի», - ասված է հայտարարությունում:

Նախարարությունը նամակ է ուղարկել դեղն արտադրող միակ ընկերությանն ու պատասխան գրությամբ հաստատվել է, որ ներկրված դեղի բաղադրությունն ու արտադրական գործընթացն անփոփոխ են, բայց մատակարարված արտադրանքը նախատեսված է կլիմայական այլ գոտու երկրների համար: Խնդիրը լուծելու համար նախարարությունը որոշել է նորից գրանցել նույն դեղը՝ նոր ժամկետով: Անպատասխան մնաց մեր հարցը՝ եթե դեղի բաղադրությունը փոփոխության չի ենթարկվել, ապա ինչո՞ւ է նախարարությունը որոշել այն նորից գրանցել: «Վագա Ֆարմ»-ի տնօրենն էլ պնդում է՝ հասկանալով, որ որևէ խախտում չենք արել, հիմա էլ կլիմայական գոտիներում դեղի պահպանման հարցն են սկսել առաջ քաշել:

«Խիստ կլիմայական պայմանների համար նախատեսվածը ավելի անվտանգ է։ Եթե հակառակը լիներ, դեղի վրա նախատեսված լիներ երկու տարի, ենթադրենք, ապրեինք Աֆրիկայում, կարող էին ասել, որ էն մի տարին խնդիր է առաջացնում։ Բայց նման խնդիր չկա, իրենք էլ գիտեն, որ չկա»,- ասաց Վարանյանը։

Հայաստանում միայն կրծքագեղձի քաղցկեղ ունեցողների թիվը 1000-ից ավելին է: Այս դեղորայքը հիվանդներին նշանակում են քիմիոթերապևտները: Նրանցից մի քանիսը վերահաստատեցին, որ դեղը փոխարինող չունի ու շատ արդյունավետ է: Հիվանդանոցների տնօրենները, սակայն, նախարարության արգելքի մասին լսելուն պես արգելեցին իրենց մասնագետներին այս ամենն ասել տեսախցիկի առջև: Անկեղծացան, թե չեն ցանկանում նախարարության հետ խնդիրներ ունենալ:

Մինչ այդ արմավիրցի հիվանդի հարազատը տարակուսում է՝ որտեղի՞ց գտնի նշանակված 140 հատ թանկարժեք դեղահաբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG