Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հաստատեց նույնականացման քարտերով քվեարկություն նախատեսող օրինագիծը


74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր ընդունեց նույնականացման քարտերով քվեարկելու հնարավորություն տվող օրինագիծը, որը վերջին շրջանում բուռն քննարկումներ էր հարուցել:

Բանավեճերի հիմնական թեման նույնականացման քարտերի վրա քվեարկությունը փաստող որևէ նշման բացակայությունն է։

18 ձեռնպահները «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էին: Դեմ քվեարկեցին 13 պատգամավորներ Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցություններից, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը և Էդմոն Մարուքյանը:

Նախագծին դեմ քվեարկած Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») խոսքով՝ սրանով ընտրակեղծիքների լրացուցիչ հնարավորություն է բացվում սահմանադրական հանրաքվեի ժամանակ․ - «Ակնհայտ է, որ այս օրինագիծը նպաստելու է նրան, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը կեղծարարության միջոցով ունենա հաջողություն»:

Նույնականացման քարտերով քվեարկության գլխավոր խնդիրներից մեկը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն է, որ հանձնաժողովի անդամները հնարավորություն չունեն ստուգելու նույնականացման քարտերի իսկությունը․ դրա համար հատուկ սարքեր են անհրաժեշտ:

«Նման մեխանիզմ գոյություն չունի», - ասաց Փոստանջյանը: - «Այսինքն, ցանկացած մեկը կարող է պատրաստել նույնականացման քարտ, այն տրամադրի ինչ-որ մեկին՝ իր նկարով, և ուղարկի ընտրատեղամաս: Անուն-ազգանունները գիտեն բացակա քաղաքացիների, այդ անուն-ազգանուններով կպատրաստեն այդ նույնականացման քարտերը, իրենց ընտրակեղծարարների նկարը կտեղադրեն, և այդպես էլ կուղարկեն ընտրատեղամասեր: Չենք բացառում»:

Օրինագծի հեղինակներից Գագիկ Մելիքյանի (ՀՀԿ) խոսքով՝ հնարավոր կեղծիքների մասին խոսողները վիրավորում են ընտրողներին: Նրա համոզմամբ, վերահսկելու հնարավորությունը քվեարկության օրը բավարար է, իսկ այս օրինագծով ապահովվեց միայն նույնականացման քարտ ունեցող ավելի քան 180 հազար քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացումը:

Իսկ պլաստիկ քարտերով քվեարկությունը վերահսկելու հնարավորություն, ըստ նրա, հանձնաժողովներն ունեն․ - «Որևէ մեխանիզմով չեն կարող դրանք օգտագործվել, որովհետև նույնականացման քարտում կա տվյալ քաղաքացու լուսանկարը, նրա ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը: Հանձնաժողովի անդամը շատ հեշտությամբ կարող է վերահսկել»:

Մելիքյանը նաև կոչ արեց իրենց կողմնակիցներին՝ «արջի ծառայություն չմատուցել»․ - «Մեր բնակչությունը բավականին բարձր գիտակցություն ունի, և համոզված ենք, որ քարոզչության ընթացքում նաև ծանոթանալով Սահմանադրության նոր տեքստին, նրանք միանշանակ կգնան և կքվեարկեն բարեփոխված Սահմանադրության օգտին»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն, նկատում է՝ եթե նպատակը արդար լիներ, վարչական լծակները չպետք է գործի դրվեին․ - «Բոլորը գիտեն, որ Վենետիկի հանձնաժողովն էլ, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակն էլ ասում են՝ մարզպետները, մինիստրները չպետք է լինեն շտաբի անդամ»:

Զարուհի Փոստանջյանը շեշտում է, որ եթե իշխանությունները ցանկանային իրոք ազատ ու արդար ընտրություն անցկացնել՝ կհրապարակեին քվեարկության մասնակիցների ցուցակները, ինչը տարիներ ի վեր պահանջում է ընդդիմությունը․ - «Կեղծարարության հիմնական հնարավորությունը այդ ցուցակների մեջ է թաքնված: Եթե նրանք դա չեն անում, այլ լրացուցիչ մի գործիք էլ բերում են, ավելացնում են, ապա ակնհայտ է, որ նրանց գործողությունները միտված են նրան, որպեսզի կեղծվեն արդյունքները»:

Մինչդեռ Գագիկ Մելիքյանն ասում է․ - «Իրենք շատ լավ հասկանում են, որ դա միջազգային նորմերին հակասում է, և որևէ տեղ ընտրողների ցուցակները չեն հրապարակվում»:

Արամ Մանուկյանը հակադարձում է․ - «Այդ դեպքում օրենքով մեզ արտոնած հնարավորությամբ, երբ վստահված անձը կարող է հրապարակել անցած օրը մասնակիցների ցուցակը, չի՞ խախտվում գաղտնիության սկզբունքը: Իրենք իրար հակասում են: Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանի ունիկալությունը հետևյալն է՝ Հայաստանում կա x մարդ, ցուցակներում կա 2x մարդ: Այդ 2x մարդու դաշտը հնարավորություն է տալիս ազատ լողալ, ինչ ուզել, անել»:

Գագիկ Մելիքյանն ընդունում է, որ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը բարձրացնելու խնդիր կա, սակայն պնդում է․ - «Լուրջ ճգնաժամ դեռևս չունենք»:

XS
SM
MD
LG