Մատչելիության հղումներ

Նախկին արտգործնախարար․ «Այսպիսի քայլերը նվազեցնում են վստահությունը Հայաստանի նկատմամբ»


Երեկ ՄԱԿ-ի մշակութային կազմակերպությանը (ՅՈւՆԵՍԿՕ) Կոսովոյի անդամակցությանը կողմ էր քվեարկել 92 պետություն, դեմ քվեարկած 50 պետությունների թվում են Սերբիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան:

Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով, Հայաստանը դեմ է քվեարկել Սերբիայից անջատված Կոսովոյի անդամակցությանը ՅՈւՆԵՍԿՕ-ին, քանի որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը:

«Դա նաև թելադրված է մեր շահերով», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Բալայանը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, պնդում է, որ Հայաստանը առաջնորդվել է ոչ թե իր շահով, այլ ենթարկվել է Ռուսաստանի հորդորներին կամ ճնշումներին․ - «Ռուսաստանը, իր կլիենտ պետությունների հետ, ի թիվս այլ՝ Զիմբաբվե, Հյուսիսային Կորեա երկրների հետ քվեարկում է այնպես, ինչպես իր շահն է թելադրում: Եվ մեր պես երկրներին պարտադրում է հետևել իր հորդորներին: Ցավոք սրտի, սա հերթական դրսևորումն է Հայաստանի անկախության նվազեցման»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր հերթին, պնդում է, թե Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների ծիրում․ - «Ինձ համար ընդունելի չէ, որ որևէ երկրի արտաքին շահերի գերակայության շրջանակում է Հայաստանի իշխանությունը քայլերը կատարում»:

«Այսպիսի քայլերը նվազեցնում են վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես անկախ պետության», - ասում է Արզումանյանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ում անցյալ տարվա քվեարկությունը, երբ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի, Զիմբաբվեի և մի քանի այլ երկրների հետ Հայաստանը դեմ էր քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևին․ - «Մենք քվեարկում ենք Ղրիմի անեքսիայի օգտին, երբ ակնհայտ է, որ, խախտելով միջազգային իրավունքը, ոտնձգություն է իրականացվում, և փայլուն ինքնորոշման դրսևորումը, որը միջազգային դատարանով ճանաչված, ՄԱԿ-ի ճնշող մեծամասնության երկրների կողմից ընդունված դրսևորումը մերժում ենք: Սա ուղղակի ցույց է տալիս, որ մենք ինքնուրույն չենք մեր արտաքին քաղաքական դրսևորումներում»:

«Ազատության» հարցին, թե արդյոք հակասություն չկա, որ Հայաստանը կողմ է Ղրիմի անջատմանը Ուկրաինայից, սակայն դեմ է Կոսովոյի անկախությանը, արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքեց՝ հղում կատարելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։

ՀՀ նախագահը, հիշեցնենք, նշել էր, որ դա «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Ի դեպ Ղարաբաղի իշխանությունները, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, ողջունում են Կոսովոյի ճանաչումը միջազգային հանրության կողմից․ - «Այն, ինչ Հայաստանը այս կամ այն խնդիրների պատճառով, հարցերի պատճառով, շահերի, պետք է ընդունի այս կամ այն որոշումը, Արցախը մի քիչ այլ որոշում կարող է ընդունել: Եվ սա թույլ է տալիս մեզ բազմավեկտորային քաղաքականություն վարել և տարբեր ոլորտներում մեր շահերը պաշտպանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG