Մատչելիության հղումներ

Լավրովը եկել էր ոչ Ղարաբաղի հարցը քննարկելու․ փորձագետ


Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի երևանյան այցը կապված էր առաջին հերթին Սիրիայի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի օրակարգում առաջնայինը ամենևին էլ ղարաբաղյան հարցը չէր: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Ես կարծում եմ, որ Լավրովը Հայաստան եկավ ոչ թե Ղարաբաղի հարցը քննարկելու, Լավրովը եկավ այլ, իմ կարծիքով, շատ լուրջ Ռուսաստանի համար հարցերի հետ կապված՝ սիրիական հարցի հետ կապված, Հայաստանի, ասենք, թարմացումը հարաբերություններում Իրանի հետ, Եվրամիության հետ: Նշեցի մի քանի նպատակներ, բայց գլխավորը, այնուամենայնիվ, Սիրիայի ճգնաժամն է», - ասաց վերլուծաբանը:

«Երբ որ Ռուսաստանը մտավ [Սիրիա], առաջին, այդպես, հաջողություն մենք տեսանք, չէ՞՝ ռմբակոծեց, ինչ-որ հաջողությունների հասավ․․․ Ես մի քանի օր առաջ իմ ելույթներից մեկում նշեցի, որ Աֆղանստանը Սովետական Միությունը ոնց որ ճահճի մեջ մտավ ու էդպես էլ դուրս չեկավ ու հետո փլվեց: Մտնել այսպիսի տարածաշրջան՝ իրոք դժվար է», - նշեց Գրիգորյանը:

«Այո, նույնիսկ սպասելիքներ մարդկանց մոտ կա՝ Սիրիայում նույնիսկ, որ Ռուսաստանը կարող է աջակցի ինչ-որ կայունություն: Բայց դուք գիտեք, որ այս տարածաշրջանը բարդ է՝ տարբեր խմբեր, տարբեր շահեր՝ ոչ միայն պետությունների, նաև այդ խմբավորումների, չգիտեմ, ոչ միայն տեռորիստական խմբերի, [այլև] նույն սիրիական ընդդիմությանը, իշխանությանը: Ու Ռուսաստանը որ մտավ՝ պարզ է, որ բազմակողմանի հարվածներ կստանա մոտ ժամանակներս: Ու ես չեմ բացառում, որ իրենք եկան Հայաստան՝ Հայաստանի հետ մտածեն, ասենք, կոալիցիա ստեղծելու, համատեղ կոալիցիա, կամ ռուսական բազայի օգտագործումը: Այստեղ մենք պետք է լինենք շատ զգույշ՝ ես ուզում եմ զգուշացնել բոլորիս», - ընդգծեց փորձագետը:

Նա կասկած չունի, որ Հայաստանը այս իրավիճակում չպետք է ակտիվորեն միջամտի: «Հայաստանը շատ ճիշտ դիրքորոշում ցուցաբերում էր, շատ զգույշ, ու մենք պետք է շարունակենք, շատ զգույշ: Մենք իրավունք չունենք, գիտե՞ք», - շեշտեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնելով, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին թույլ չտվեց Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործել Իրաքում գործողությունների ժամանակ, «քանի որ Թուրքիայում հասկանում էին՝ եթե դա օգտագործվի, հետո հակահարվածներ կստանա տասը տեղից», փորձագետը շարունակեց․ - «Նույնը՝ Հայաստանում․ մենք կտրականապես պետք է դեմ լինենք, որ այդ ռազմաբազան օգտագործվի այլ նպատակներով՝ ռուսական ռազմաբազան Հայաստանում: Ու ամենակարևորը՝ ոչ մի կոալիցիայի մեջ պետք չի մտնել»:

Հիշեցնենք, երեկ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ բանակցությունների ժամանակ մանրամասնորեն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, և քննադատեցին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի հավանությանն արժանացած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ զեկույցի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG