ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) այսօր Տնտեսագիտական համալսարանում ուսանողներին խորհուրդ տվեց ծանոթանալ Սերժ Սարգյսանի հավանությամբ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ չթաքցնելով փաստաթղթի վերաբերյալ իր տեսակետը․ - «Լրիվ այլ մոտեցումներ են: Եվ եթե դուք կարդաք, կտեսնեք, որ շատ նորմալ մոտեցումներ են: Ուզում եմ ձեզ հորդորել, որ անպայման վերջին տարբերակը կարդաք, որպեսզի տեղյակ լինեք վերջնական բոլոր մոտեցումներին»:
Մոտ 45 րոպե տևած քննարկմանը Աճեմյանը Սահմանադրության նախագծին այլևս չանդրադարձավ, թեև ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ նա բուհ է գալու՝ ներկայացնելու, թե ինչ ազդեցություն կունենան փոփոխությունները կրթության, գիտության ոլորտում:
Հանդիպումը լուսաբանելու նպատակով Տնտեսագիտական համալսարան եկած «Ազատության» նկարահանող խմբին անցագրային կետի ոստիկանը մի քանի զանգ կատարելուց հետո միայն ցույց տվեց նիստերի դահլիճի տեղը։ Իսկ երբ արդեն դահլիճում էինք, մի քանի ուսանողներ անցնում էին շարքերով ու ինչ-որ բան շշնջում ուսանողներին:
Քննարկումից հետո Կարինե Աճեմյանը «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց, թե նախագծի վերաբերյալ իր հայտարարությունը «այո»-ի քարոզ չէ․ - «Ես որևէ քարոզ չեմ իրականացրել և սահմանադրական բարեփոխումների հետ կապված նաև դիրքորոշում չեմ հայտնել»:
Նրա խոսքով, սա ուսանողների հետ իր երկրորդ հանդիպումն է, որի առաջարկը ստացել է ուսանողական ասոցիացիայից: Պատգամավորի պնդմամբ՝ ինքը տեղյակ չէ, թե իր այցի մասին ինչ հաղորդագրություն է տարածվել:
«Պայմանավորվածությունը եղել է կրթական ոլորտ, հիմնախնդիրներ, բուհերին վերաբերող հարցեր: Սահմանադրության մասին որևէ բան չի եղել», - ասաց նա:
Սահմանադրական փոփոխությունների հարցով պատգամավորին Տնտեսագիտական համալսարան հրավիրած ուսանողական ասոցիացիայի ներկայացուցչի հետ զրուցել չհաջողվեց․ քննարկման ավարտին կազմակերպության փոխնախագահն արագ հեռացավ։
Նկարահանվել չցանկացող ուսանողները, մինչդեռ, պնդում էին՝ Կարինե Աճեմյանի հետ հանդիպմանը պետք է քննարկվեր նաև սահմանադրական փոփոխությունների թեման։
Մոտ տասն օր առաջ, հիշեցնենք, Երևանի պետական համալսարանում գիտխորհրդի և ուսանողների համար կազմակերպված քննարկմանը փոփոխությունների նախագիծը մշակող հանձնաժողովի երկու անդամներ խոսել էին փաստաթղթի «առաջընթացի մասին»։
«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի պնդմամբ, բուհերում և պետական այլ հաստատություններում «այո»-ի քողարկված քարոզչություն է իրականացվում․ - «Ուսանողներին տեղյակ են պահել, որ լինելու է քննարկում սահմանադրական փոփոխությունների մասով: Ես կարծում եմ, որ հենց լրատվամիջոցների ներկայությունից Աճեմյանը կամ կազմակերպիչները փոխել են իրենց միտքը: Վերջում միայն ստիպված ինչ-որ բան ասել են նաև սահմանադրական փոփոխությունների մասին»: