Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հստակ գնահատական չի տալիս Թուրքիայի կողմից Հայաստանի օդային սահմանը հատելու դեպքերին


ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հստակ պատասխան չեն տալիս, թե ինչու կառույցը չի արձագանքել դաշինքի անդամ Թուրքիայի կողմից մեկ ամիս առաջ Հայաստանի օդային սահմանը հատելու դեպքերին:

«Կա հստակ ըմբռնում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ռազմավարական լուրջ օգուտներ կունենա տարածաշրջանի համար, բայց ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն կարող է այս խնդրին հասնելու առաջնագծում լինել»,- այսօր ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության վերաբերյալ քննարկմանը ասաց Հյուսիսատլանտյան դաշինքի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆեն Էլգերսման:

Միջադեպի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թևան Պողոսյանը հարց էր բարձրացրել նաև ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի ժամանակ՝ կրկին չստանալով հստակ պատասխան:

«ՆԱՏՕ-ն այն կոլեկտիվ անվտանգության կազմակերպություններից է, որ հիմնված է արժեքների վրա, բայց, այնուամենայնիվ, իր գործընկեր ու անդամ երկրներին երբևէ չի փորձում հանրային պարսավանքի ենթարկել: Վստահ եմ, որ եղել են հեռախոսազրույցներ, ճնշումներ, որ այդպիսի բաներ չի կարելի անել, բայց միևնույն ժամանակ հանրայնորեն այդ մասին չի խոսվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Թուրքական ռազմական ուղղաթիռները Հայաստանի օդային սահմանը հատել էին երկու անգամ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ 2-4 րոպե տևողությամբ պտտվելով Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Թուրքական կողմը, Երևանի հարցմանն ի պատասխան, պնդել էր, թե ուղղաթիռները սահմանը հատել են «եղանակային վատ պայմանների պատճառով»: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը մինչ օրս միջադեպին պաշտոնապես չեն արձագանքել:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի օդային տարածքում թուրքական ուղղաթիռների հայտնվելը համարում է Անկարայի պատասխանը Ռուսաստանին, որի կործանիչները տեղի ունեցածից օրեր առաջ հատել էին Թուրքիայի օդային սահմանը:

«Բոլորը գիտեն, որ մենք Ռուսաստանի հետ միասին ենք պահում այդ սահմանը, և ես հուսով էի, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ինչ-որ արձագանք կտան, թեկուզ ոչ շատ կոշտ, բայց մտահոգություն կարտահայտեին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Քաղաքագետը Թուրքիայի կողմից նոր միջադեպերի հնարավորությունը չի բացառում, սակայն նկատում է, որ Թուրքիայում կայացած վերջին ընտրություններից հետո, երբ վստահ հաղթանակ տարավ նախագահ Էրդողանի կուսակցությունը, իրավիճակը երկրում կարող է կայունանալ:

«Էրդողանը իմ կարծիքով սահմանափակում է ազատությունները Թուրքիայում, բայց այն փաստը, որ նա այսօր կարող է ձևավորել կառավարություն առանց գործընկերների, կարող է նույնիսկ դրական դեր խաղալ», - նշեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG