Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին տարիներին ավագ դպրոցներում աշակերտների թիվը նվազել է գրեթե երկու անգամ: Տնօրենների պնդմամբ, արտագաղթից բացի, նվազմանը նպաստել է նաև արհեստագործական ուսումնարաններում ու քոլեջներում անվճար կրթությունը շարունակելու հնարավորությունը:
Մինչդեռ, արհեստագործական ուսումնարաններն ու քոլեջներն էլ գոհ չեն աշակերտների թվից: Այդ հաստատությունների ղեկավարների խոսքով, իրենց մոտ ևս վերջին տարիներին դիմորդների թվի կտրուկ նվազում է արձանագրվել՝ 4-ից 5 անգամ: Չեն լրացվում նույնիսկ անվճար տեղերը, որոնց թիվն, ի դեպ, ավելացվել է 50 տոկոսով: Երևանի թեթև արդյունաբերության քոլեջի տնօրեն Արայիկ Պողսյանն ասում է՝ իրենք, ինչպես և ավագ դպրոցները, պարզապես գոյատևում են:
«Ավագ դպրոցը չի կայանում մեզ մոտ, ուսումնական հաստատությունը, որը կոչվում է ավագ դպրոց, չունի այն տեխնիկա-տնտեսական ցուցանիշները, որոնք կբավարարեին ավագ դպրոցի դասընթացին»,- ասում է Պողոսյանը:
Կրթության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասում է՝ հաշվի առնելով այսօրվա տնտեսական վիճակը, աղքատության ցուցանիշն ու աշխատաշուկայում արհեստագործների պակասը, կառավարությունը օր առաջ պետք է արհեստ սովորելու և մասնագիտանալու հնարավորություններ ստեղծի:
«Այսինքն, աշխատող մարդու, կարիքի մեջ հայտնված ծնողի, ընտանիքի աչքերով պետք է նայենք մենք էդ ամեն ինչին, հակառակ դեպքում չի հասկացվում, թե էս ինչ հասարակություն ենք կառուցում, ինչ ենք ուզում, կամ էս վիճակից ոնց ենք ուզում դուրս գալ: Եվ էս պայմաններում փոխանակ առաջանան այլ տիպի ավագ դպրոցներ, որոնք սկսում են գործել մասնագիտացված կրթական համակարգում, շարունակում են մտածել, չգիտեմ ինչ անել, յոլա գնալ, դիմանալ: Ստացվում է՝ գլխավոր նպատակը հաստատություն պահելն է, թող մեռնի էդ հաստատությունը»,-ասում է Բլեյանը:
Զբաղվածության պետական գործակալությունում ևս ընդունում են, որ այսօր աշխատաշուկայում անհրաժեշտ են բանվորական ծառայություններ մատուցող միջին մասնագետներ: Գործակալության աշխատանքի վերլուծության բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը նշում է, որ այսօր գործակալությունում գրանցված են բարձրագույն կրթությամբ հազարավոր մասնագետներ, սակայն չկան թափուր աշխատատեղեր, քանի որ դրանք անմիջապես լրացվում են:
«Մենք ունենք խոհարարների, բուժքույրերի, դիզայներների, հացթուխների, վարսահարդարների, համակարգչային օպերատորների, էլեկտրիկների, վարորդների, փականագործների և այլ բանվորական մասնագիտություններով թափուր տեղեր»,- թվարկեց Անահիտ Փարսադանյանը:
Երևանի թեթև արդյունաբերության քոլեջը հարյուրավոր ուսանողներ ունի, բայց չունի անհրաժեշտ հաստոցներ ու սարքավորումներ: Մոտ մեկ տարի առաջ նախարարությունից նաև կոշիկի արտադրության բաժին բացելու հրաման է տրվել, սակայն, տնօրենը մինչ օրս չի կարողացել ձեռք բերել գոնե մեկ հաստոց կամ մասնագիտական ուսուցումն ապահովելու համար համագործակցել որևէ ընկերության հետ:
«Չի բավարարում միջոցները, բյուջեի գումարը ես չեմ կարողանում ոչ մի ուրիշ բանի վրա ծախսել, նկատի ունեմ՝ որևէ բան բարեկարգելը, ինչ-որ հաստոց գնելը: Կուզեի իմ ձայնը հասներ մեր վերադասին, որ դրա կարիքն ունենք, խնդրում ենք ապահովել, ուղղակի խնդրում ենք, պահանջում ենք, սա ուղղակի սարսափելի է, կատաստրոֆա է, բառեր չեմ գտնում»,- դժգոհում է տնօրենը: