Թեև կրթության ոլորտի ամենաբարձրաստիճան պատասխանատուները բազմիցս հայտարարել են, թե դրամահավաքը դպրոցներում իսպառ վերացվել է, որոշ ծնողներ պնդում են, որ դպրոցական ծրագրում ընդգրկված կոնկրետ առարկաներ դասավանդելու համար դրամահավաք, այդուհանդերձ, կա:
Մայրաքաղաքի Չեխովի անվան դպրոցում, օրինակ, ռուսական բաժնի առաջին դասարանցիներն ամսական 5 հազարական դրամ են վճարում անգլերեն լեզվի դասերի համար: Հայկական բաժնում անգլերենի դասերի համար վճարում են 4 հազարական դրամ:
Ներկայանալ չցանկացած ծնողը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Վճարում ենք 5 հազար դրամ շաբաթը երկու անգամ անգլերենի դասընթացների համար: Ու դա ոչ թե հավելավճար է, այլ դպրոցի նորմալ ծրագրի համար»:
Երևանի թիվ 128 և թիվ 151 դպրոցներում անգլերենի դասերի համար ծնողները, ինչպես «Ազատությանը» պատմեց նրանցից մեկը, վճարում են նաև 5-6-րդ դասարաններում:
Կրթության և գիտության նախարարությունում պնդում են, որ հանրակրթական դպրոցներում ուսումն անվճար է, իսկ լրացուցիչ դասերը կազմակերպվում են բացառապես դասերից հետո՝ միայն ծնողի հետ պայմանագիր կնքելու դեպքում:
«Հնարավոր չէ ուսումնական ժամին որևէ առարկա պարապել վճարովի: Դա կարող է արվել միայն դասերից հետո՝ որպես արտադասարանական խմբակ, արտադասարանական պարապմունք, որպես լրացուցիչ ծառայություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Ազատության» հետ զրուցած ծնողները, մինչդեռ, պնդում են, որ իրենց նշած առարկան վճարովի դասավանդվում է դասաժամերի ընթացքում և առանց որևէ պայմանագրի:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով, սակայն, այս առնչությամբ նախարարությունը որևէ ահազանգ չի ստացել: