Մատչելիության հղումներ

«Գերակա շահի զոհ» դարձած ավելի քան 15 ընտանիքներ չեն կարողանում մուտք գործել նոր բնակարաններ


Երևանի կենտրոնի էլիտար շենքերից մեկում բնակարաններ ձեռք բերած ավելի քան 15 ընտանիքներ չեն կարողանում մուտք գործել նոր բնակարաններ։ Նրանց խոսքով, շենքի նոր սեփականատերը հավելյալ գումար է պահանջում բնակարանները սեփականաշնորհելու համար։

Երևանում Պուշկինի 51/1 հասցեում բնակարան գնելու համար տասնյակ հազարավոր դոլարներ վճարած քաղաքացիները պնդում են, որ նախկինում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Խալոյանը ժամանակին ապօրինաբար է ձեռք բերել տարածքը: Խալոյանը ցույց է տալիս սեփականության իրավունքի վկայականն ու հայտարարում, որ ինքն է այդ բնակարանների միակ սեփականատերը:

«Ուզում են մարդկանց տներից հանեն, առել են 2008 թվականին և ուզում են հանել։ ԱԻՆ-ից մարդ է բերել, որ մարդկանց տներից հանի», - ասաց բնակիչներից մեկը։

Չնայած խոչընդոտներին, ավելի քան տասը ընտանիքներ օրերս փորձել էին մուտք գործել բնակարաններ, սեփականատերն էլ դիմել էր փրկարարներին՝ ահազանգելով իր տարածք ներխուժման մասին։

Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում կառուցված շենքի պատմությունը խճճվեց, երբ կառուցապատող Գագիկ Պապոյանը հայտնվեց բանտում` խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար, իսկ շենքի ապագա բնակիչներին ներկայացավ Անդրանիկ Խալոյանն ու հայտարարեց, որ ինքն է սեփականատերը։

Մհեր Մարությանը ութ տարի առաջ շուրջ 100 հազար դոլար է վճարել շենքի կառուցապատող Գագիկ Պապոյանին։ «Մենք 2007-ից բնակարան ենք գնել, էս մարդը մեզ ութ տարի է խաբում է», - ասաց Մարությանը ԱԻՆ աշխատակցին, վերջինս էլ պահանջեց ներկայացնել սեփականաշնորհման վկայականը։ «Սեփականաշնորհման վկայական որտեղի՞ց, նախնական պայմանագրեր ունենք, մինչև հիմա չի տալիս։ Ամեն օր տասը օր է ասում, հինգ տարի է տասը օր է ասում», - ասաց Մարությանը։

Խալոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կապ չունի Պապոյանի մեղքերի հետ, հողատարածքը գնել է տարածքի նախկին բնակիչներից՝ Պապոյանին առաջարկելով էլիտար շենք կառուցել։ Խալոյանն այդպես էլ չպատասխանեց, թե ի վերջո ի՞նչ միջոցներով է շենքը կառուցվել՝ ի՞ր, թե՞ Պապոյանի կողմից խաբված բնակիչների գումարներով։ «Դրա համար կա դատապարտված մարդ, որը հիմա նստած է։ Գագիկ Պապոյանը խաբել է իրենց [բնակիչներին]», - ասաց Խալոյանը։

Շենքի սեփականատերը չի կարծում, թե հարցի լուծման ելքեր չկան, ասաց` կնստեն բանակցության սեղանի շուրջ, կքննարկեն։ Բնակիչները, մինչդեռ, թերահավատ են. - «Մենք հարցի լուծում չենք տեսնում այստեղ, որովհետև այս մարդը 2011 թվից խաբում է մեզ»։

«Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով, անցած տարիներին մի բնակարանը մի քանիսի վրա էր վաճառվում, մարդկանց տներից հանում էին՝ հանուն էլիտար բնակարանների կառուցման։

Բաղդասարյանը վերջերս է Հայաստանի կառավարության դեմ հաղթանակ տարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում` Բուզանդի փողոցում գտնվող տնից հանուն գերակա շահի իր ընտանիքին վտարելու գործով։

Նրա փոխանցմամբ՝ էլիտար բնակարանաշինության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաներ են ներգրավված։ «Կառավարությունը 2000 թվականին ի դեմս նախագահի, թույլ տվեցին հանցագործության կատարումը և հովանավորեցին դա, որը կոչվեց պետական կարիք», - ասաց Բաղդասարյանը։

Նրա տվյալներով, անցած տարիներին 5 հազար ընտանիք է վտարվել սեփական տներից՝ հանուն հանրային շահի, և նրանց մեջ աննշան թիվ են կազմում նույն տեղում կառուցված էլիտար շենքերում բնակարաններ ստացած ընտանիքները։ Բաղդասարյանի խոսքով, հիմնական մասը ստիպված է եղել չնչին փոխհատուցումներով ծայրամասեր տեղափոխվել:

«Կառավարությունն ունի տասնյակ լծակներ, որոնք կարող են գալ, հետևել, ասել՝ «եղբայր, սա պետական գերակա հանրային շահ է, ինչո՞ւ չես կատարում էս հանրային շահը»։ Էս ո՞վ մոգոնեց էս բոլորն ու բերեց մեր վզին փաթաթեց։ Բայց ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել։ Նստացրել են Պապոյան Գագիկին, Սիմոն Եղիազարյանին, որոնք խարդախություն են արել,», - ասաց Բաղդասարյանը։

Գերակա շահի զոհերից Նունե Կարապետյանը ութ տարի առաջ համաձայնել է նախկին տան տեղում նոր բնակարան ստանալու պայմանով դուրս գալ սեփական տնից։ Խոստացված ժամկետից հինգ տարի է անցել, մինչ օրս կառուցապատող «Գլենդել Հիլզ»-ը չի կատարել պարտավորությունը։ Կարապետյանն այժմ պատրաստ է գումար վերցնել կառուցապատողից՝ թեկուզ ծայրամասում սեփական տանիքն ունենալու համար։

«Բավականին անգամ աչքովս անցկացրել եմ, նայել եմ, տեսել եմ, որ վաճառվում է «Գլենդել Հիլզ»-ում բնակարան, մի՛ վաճառեք, տվե՛ք ժողովրդին։ Օրական մի էլիտար շենք են արագ կառուցում, բա եթե ժողովրդին է պետք, էդ արագությունն ինչո՞ւ չկա։ Ես վստահ եմ, որ շենքը լինելու է... մեզ չնչին գումարներ կտան, տալուց հետո իրենք էդ շենքը կկանգնացնեն», - ասաց Կարապետյանը։

Սեդրակ Բաղդասարյանը հորդորում է՝ չհավատալ խոստումներին ու չնչին փոխհատուցումներ վերցնելու փոխարեն, իր օրինակով, հասնել Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG