Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիրն» իշխանափոխություն կխոստանա «միայն մեկ անգամ»


Փաշինյանի խոսքով, իրենք ժողովրդին պարտության չեն տանելու։

«Ես ինքս ինձ խոստացել եմ, որ ես Հայաստանի Հանրապետության ժողովրդին իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ, և այդ խոստումից կարճ ժամանակ անց այդ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե հանրությունն այսօր կարծես հիասթափված է ընդդիմությունից, Փաշինյանն արձագանքեց, թե «ընդհանուր հիասթափություն ընդդիմությունից այսօ՛ր չի եղել»։

«Հիասթափություն ընդդիմությունից այսօ՛ր չի եղել, ոչ էլ երեկ, ոչ էլ երեկ չէ առաջին օրը։ Մենք ամեն տարի երեք-չորս հատ ընդդիմությունից հիասթափություն ենք ունենում, և դրա համար է, որ մենք մեր ամեն խոսքը սահմանափակում ենք։ Որովհետև, ինչ է, ձեզ թվում է՝ դժվա՞ր է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, ուրեմն, էս շաբաթվա վերջ մենք կունենանք իշխանափոխություն»։ Չէ, դժվար չէ։ Ես, որպես քաղաքական գործիչ, ինքս ինձ խոստացել եմ, որ ես Հայաստանի Հանրապետության ժողովրդին իշխանափոխություն խոստանալու եմ միայն մեկ անգամ, և այդ խոստումից կարճ ժամանակ անց այդ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. - «Այսինքն, եթե ձեզ թվում է, որ ժողովրդի վստահությունը վերականգնելու ձևը օրը երեք անգամ իշխանափոխություն խոստանալն է, տարին 12 ամիս՝ թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ամառ, թեժ ձմեռ, դուք սխալվում եք»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հաջորդ կեղծ կատեգորիան ընդդիմության միասնականությունն է: Հիշեցնելով, որ Հայաստանը միասնական ընդդիմություն ունեցել է 2003 թվականին, 2008 թվականին, նա շարունակեց․ - «Մենք ասում ենք հետևյալը՝ «մենք որևէ ընդդիմադիր ուժի հետ չենք համագործակցելու, քանի դեռ այդ համագործակցության նպատակները և միջոցները թղթի վրա ձևակերպված չեն»։ Որովհետև այն ժամանակ, երբ որ պրոցեսը սկսում է, մարդկանց հետաքրքրությունը կա, բոլոր ընդդիմադիրները շտապում են էդտեղ իրենց տեղն ունենալ, հենց որ գործերը սկսում են բարդանալ՝ կամաց-կամաց սկսում են մի կողմ քաշվել, հետո իրար մեղադրում՝ «ա՛յ դու սենց արիր, դու նենց արիր»։

Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ ընդդիմադիր ուժի հետ կարող է համագործակցել մի պայմանով՝ եթե մոտեցումներն ու հայացքները համընկնեն, և եթե համագործակցության նպատակները և դրանց հասնելու միջոցները գրվեն, ստորագրվեն՝ հրապարակային։

«Միասնություն, որ ասում են, օրինակ, ժողովրդին հերթական անգամ խաբելու համար ես ոչ մեկի հետ միասնական չեմ լինի, որովհետև, էլի եմ ասում, մենք ասել ենք՝ մենք ժողովրդին պարտության չենք տանելու և մենք անիրագործելի և քաղաքական նախադրյալներով չհիմնավորված խոստումներ չենք տալիս», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG