Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանում վթարված օդանավի անձնակազմում հինգ հայեր կան


Հարավային Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ․
Հարավային Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռի բեկորները, 4-ը նոյեմբերի, 2015թ․

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաղորդում է, որ վերջիններս ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:

Այսօր Հարավային Սուդանում տրանսպորտային օդանավ է կործանվել, ինչի հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, այդ թվում՝ անձնակազմի հինգ հայ անդամները։ «Անտոնով» տիպի օդանավը կործանվել է թռիչքից քիչ անց, մայրաքաղաք Ջուբայի օդնավակայանի մոտ:

«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են»,- հաստատել է Հայաստանի արտաքին գերատեսչությունը՝ ավելի ուշ հրապարակելով զոհված անձնակազմի հայ անդամների անունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռի անձնակազմի զոհված հայ անդամներն են՝ հրամանատար Գևորգ Թովմասյանը, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ վթարված AN12 օդանավը 2014 թվականից հանվել է Հայաստանի գրանցումից և պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը:

Ըստ այլ հաղորդումների, զոհերի թիվը կարղ է 41-ը լինել, որոնց թվում են նաև գետնի վրա եղած մարդիկ: Հարավային Սուդանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ առնվազն երկու մարդ է փրկվել, որոնցից մեկը երեխա է, մյուսը՝ օդանավի անձնակազմի անդամ: Հաղորդվում է, որ երեխան ողջ է մնացել շնորհիվ այն բանի, որ ծնողների հետ կարողացել են ցած նետվել օդանավի պատուհանից։

Վերին Նեղոս գավառ ուղևորվող բեռնատար օդանավում ընդհանուր առմամբ եղել է 18 մարդ, 6-ը՝ անձնակազմի անդամներ, որոնցից մեկը՝ ռուսաստանցի, հինգը՝ հայաստանցի։

ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ վթարի ենթարկված օդանավը շահագործվում է 1971 թվականից։ «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ Ջուբայի օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց օդանավը վայր է ընկել Հարավային Սպիտակ Նեղոս գետի ափին։ Ըստ ականատեսների՝ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մետր հեռավորության վրա։

Հարավային Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչության փորձագետների կարծիքով՝ վթարի պատճառը կա՛մ տեխնիկական անսարքությունն էր, կա՛մ գերբեռնվածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG