Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում համոզված են՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը կտուժի, եթե հանրաքվեն արդար չանցնի


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Իշխող Հանրապետականում համոզված են` Հայաստանի միջազգային հեղինակությանը վնաս կհասցվի, եթե առաջիկա հանրաքվեն չանցնի ազատ և արդար: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող Հանրապետականի «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը, Հայաստանում կայանալիք սահմանադրական հանրաքվեին այսօր ամբողջ միջազգային հանրությունն է հետևում:

«Մեր առջև խնդիր է դրված, որ պետք է առավելագույնս այնպես անենք, որ մայր օրենքի հանրաքվեն անցնի թափանցիկ, և կարողանանք միջազգային արենայում մեր երկրի իմիջը բարձր պահել։ Այս հանրաքվեին հետևում է ամբողջ միջազգային հանրությունը, ամբողջ ներքին քաղաքական կառույցները, հասարակական կազմակերպությունները։ Եվ սա մի սովորական շարքային օրենք չէ կամ մի շարքային ընտրություն չէ, որ մենք անցկացնելով, այդ բառն եմ օգտագործում, հետո կարողանանք մեր իմիջը պահպանել»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե այդ իմիջին նպաստո՞ւմ է Սյունիքի մարզպետի հայտարարությունը, թե «էն գլխից ասում եմ՝ «ոչ»-ը Սյունիքի մարզում չի հաղթելու», Բաղդասարյանը պատասխանեց.- «Ուրեմն մարդը տիրապետում է իր մարզի տրամադրություններին և այդպիսի հայտարարություններ է անում։ Ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ նախնական իմ պատկերացումներով ես գիտեմ, որ «այո»-ն ճնշող մեծամասնությամբ ունի առավելություն»։

Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք, թե արդյոք վարչապետին, նախարարներին ու մարզպետներին «Այո»-ի շտաբներում ընդգրկելով և վարչական ռեսուրսը օգտագործելով՝ վնաս չե՞ն հասցնի երկրի միջազգային վարկին։

«Ձեզ թվում է՝ ո՞վ պետք է լինի «Այո»-ի շտաբի պետը և ոչ Հանրապետական կուսակցության փոխնախագահը։ Ում էլ նշանակեինք, միևնույն է, պետք է ինչ-որ պատրվակներ գտնեին։ Մենք նշանակել ենք այն մարդկանց, որոնք ունեն կազմակերպչական փորձ և որոնք կարող են այս հանրաքվեն կազմակերպել այնպես, որ այն խոցելի չլինի»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Հանրապետականն «Այո»-ի շուրջ 2000 շտաբ է ունենալու, որից 400-ը՝ մայրաքաղաքում։ Այս պահին քարոզչական խմբեր են ձևավորվում, որոնք տեղերում պետք է իրազեկեն ընտրողներին սահմանադրական փոփոխությունների մասին: Ուշագրավ է, որ հանրաքվեից ուղիղ մեկ ամիս առաջ իշխող ուժը խոստովանում է՝ մարդիկ իրազեկված չեն:

«Իրոք մենք ունենք խնդիր, հանրության բավականին լուրջ քանակություն իրազեկված չէ, թե ինչ է կատարվում, ինչ է առաջարկվում իրենց»,- ասաց Բաղդասարյանը։

Որպեսզի կարողանան իրազեկել հանրությանը, Հանրապետականը քարոզչության ընթացքում առավելապես օգտագործելու է հեռուստաեթերը, նաև մամուլը: Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե հետևելու են նաև «Ոչ»-ի քարոզարշավին, սակայն ինքն արդեն իսկ համոզված է՝ «ոչ» քարոզողներն անգամ անվճար հեռուստաեթերից են քիչ են օգտվելու, քանի որ ասելիք չունեն:

«Որովհետև հիմնավորել, թե ինչու «ոչ», ես պարզապես քաղաքական տեսակետից դա չեմ կարողանում ընկալել։ Նրանց հիմնավորումը պարզապես աբսուրդ է՝ «սա արվում է, որ այսինչը դառնա նախագահ, այնինչը դառնա վարչապետ, այսինչին բերեն կառավարություն, կոալիցիա կազմեն և այլն»։ Այս ենթադրությունները աստիճանաբար հերքվել են, հիմա էլ ասում են՝ «մենք չենք ցանկանում, որ Սերժ Սարգսյանը վերարտադրվի»։ Չկա՛ որևէ վերարտադրություն։ Սերժ Սարգսյանն արդեն իր հայտարարությունը կատարել է։ Ինչ է, նրանք ուզում են Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Հանրապետական կուսակցությունից է՞լ է դուրս գալու»,- ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք փոփոխված Սահմանադրությունը հնարավորություն չի՞ տալիս գործող նախագահին լինել վարչապետ, Ազգային ժողովի նախագահ կամ երկրի նախագահ, Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց, թե ամեն հնարավորություն էլ տալիս է։

«Իրեն ամեն հնարավորություն տալիս է, բայց ես որևէ մեկ անգամ այս տարիների ընթացքում չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը հայտարարի մի բան և դրա տերը չլինի»,- ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG