Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է վստահեցնել, թե Ստեփանակերտի նորոգված օդանավակայանը մոտ ապագայում շահագործման կհանձնվի, թեև արդեն 6 տարի է՝ այն այդպես էլ իր նպատակին չի ծառայում։
Լեռնային Ղարաբաղի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, թե օդանավակայանը տեխնիկական որևէ խնդիր չունի:
«Արցախի Հանրապետության վարչապետը մի քանի անգամ տարբեր առիթներով՝ ասուլիսների, հարցազրույցների ժամանակ արտահայտվել է, նշել է, որ օդանավակայանի վերջնական շահագործման ուղղությամբ ջանքեր կատարվում են, աշխատանքներ կան, տեխնիկական խնդիրներ, բնականաբար, չկան, արդեն վաղուց պատրաստ է։ Սակայն կան որոշ դժվարություններ, քաղաքական խոչընդոտներ, որոնք պետք է կարգավորվեն։ Հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում արդեն կարողանալու ենք օգտվել օդանավակայանի ծառայություններից։ Ենթադրաբար քաղաքականը պայմանավորված է հիմնականում Ադրբեջանի գործողություններով»,- ասաց Բեգլարյանը։
Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը ևս այսօր պնդեց, որ օդանավակայանի գործարկումը ձգձգվում է քաղաքական պատճառով։ Նրա խոսքով՝ առանց քաղաքական պայմանավորվածության հնարավոր չէ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնել։ Ավելի վաղ՝ Ադրբեջանը զգուշացրել էր՝ Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքների դեպքում «հարվածներ կհասցնի իր օդային տարածքը խախտելու համար»։
«Ես օպտիմիստ եմ, գիտեմ, որ թռիչքներ անպայման կլինեն, բայց վաղ, թե ուշ՝ չեմ կարող ասել, դա արդեն քաղաքական հարց է։ Քաղաքական գործիչները ինձանից լավ կասեն։ Մենք լրիվ պատրաստ ենք»,- ասաց Աթբաշյանը։
Ղարաբաղի քաղավիացիայի վարչության նախկին պետը ափսոսանքով է խոսում ծախսված մոտ 50 միլիոն դոլարի և կատարված աշխատանքների մասին, ասում է, թե օդանավակայանն առայժմ կիրառվում է Ղարաբաղի ներսում թռիչքների համար։ Մինչդեռ գործարկման դեպքում, պաշտոնական հաշվարկների համաձայն, Երևանից Ստեփանակերտ հասնելու ժամանակը զգալի կկրճատվի, այժմյան 6 ժամի փոխարեն հնարավոր կլինի Ղարաբաղ հասնել 45 րոպեում՝ վճարելով 50-60 դոլար։
«Ֆրանսիայից եկել էին 3 սենատորներ, բարձրացել են, գնացել են, նայել են մեր օդանավակայանը, բարձրացել ենք մեր դիսպեչերական, նրանք զարմացել էին, որ մենք Ստեփանակերտի օդանավակայանում սարքեր կան, որ Բաքուն չունի, Երևանը չունի, ամենաժամանակակից սարքերը դրված են, իսկ օդանավակայանը չի գործում»,- նկատեց Աթբաշյանը։
Դեռ երկու տարի առաջ նախագահական ընտրությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպումներից մեկում հայտարարել էր, թե պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղևորը։ Նա խոստացել էր, որ օդանավակայանն անպայման շահագործվելու է, և հերքել էր Ադրբեջանի կասկածները, թե քաղաքացիական ինքնաթիռը կարող է ռազմական բեռներ տեղափոխել։
Գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի պաշտպանության նախարարն էլ պնդել էր՝ եթե օդանավակայանի գործարկման վերաբերյալ վերջնական որոշում ընդունվի, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռի պլանավորված ամբողջ գործունեությունը և թռիչքները: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին քննադատել էր Ադրբեջանին։
«Ադրբեջանն աղմկում է և այդ աղմուկով փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, դա որևէ կերպ չի առնչվում ղարաբաղյան հակամարտությանը», - հայտարարել էր Նալբանդյանը։ Սակայն հայկական կողմը առայժմ պաշտոնապես չի հայտարարել, թե ինչու շահագործման որոշումը չի ընդունվում։