Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում «էական խախտումներ չեն հայտնաբերվել»


Նախագահ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը մասնակցում են վերջինիս պատկանող ժամանցային կենտրոնի բացմանը, 1-ը հունիսի, 2015թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը մասնակցում են վերջինիս պատկանող ժամանցային կենտրոնի բացմանը, 1-ը հունիսի, 2015թ.

Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում կատարված ստուգումների արդյունքում Ֆինանսների նախարարությունը խոշոր չափերի խախտումներ չի հայտնաբերել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ ի վերջո փարատելով Սերժ Սարգսյանի՝ դեռևս փետրվարի 12-ին հնչեցրած մտահոգությունները:

Այս տարվա սկզբին, երբ ոչ իշխանական ուժերը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, Սերժ Սարգսյանը Հանրապետականի գործադիր մարմնի նիստում հայտարարեց.- «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։

Այս հայտարարությունից շուրջ 7 ամիս անց, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն հեռացել է քաղաքականությունից, ԲՀԿ էլ կտրուկ փոխել է դիրքորոշումը և այլևս պաշտպանում է սահմանադրական փոփոխությունները, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր հայտարարեց.- «Գագիկ Ծառուկյանին պատկանող յոթ տնտեսությունում ստուգում ենք անում, վեցում ավարտել ենք, դրանցում առանձնակի մեծ խոշոր չափերի խախտումներ չենք հայտնաբերել։ Այդ ստուգումներին մասնակցել են պետական այլ մարմիններ, մեծ թվով փորձագետներ։ Բավականին լուրջ թիմ նաև Գագիկ Ծառուկյանի և մեր կողմից են մասնակցել, ընթացքում հաշվապահական հաշվառման, ինչպես նաև հարկային եկամուտների ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով։ Մնացել է մեկ ձեռնարկություն՝ դա Արարատի ցեմենտի գործարանն է»։

Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն Սերժ Սարգսյանը ոչ ճիշտ տեղեկություններ էր հրապարակում, երբ խոսում էր միլիարդավոր դրամների չմուծած հարկերի մասին, ֆինանսների նախարարը արձագանքեց.- «Բայց Սերժ Սարգսյանը չի արձանագրել, թե ինչ խախտումներ էին, ասում էր՝ պետք է ճշտել, համապատասխան հանձնարարություն ենք ստացել, ստուգել ենք, էական խախտումներ չենք հայտնաբերել»։

«Ազատության» հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է քաղաքական գործոնը և արդյոք քաղաքական գործոնների փոփոխության արդյունքո՞ւմ պարզվեց, որ լուրջ, էական խախտումներ չկան, նախարարը պատասխանեց.- «Մենք ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի սահմաններում, քաղաքական գործոնը միանշանակ բացառում եմ։ Քաղաքական գործոնների արդյունքում արձանագրվածը բոլորս գիտենք ինչ է, բայց վերջին տարիներին դուք չեք տեսնի, որ հարկային, մաքսային մարմինները քաղաքական գործընթացների մեջ ունենան այնպիսի դերակատարություն, որը հակասում է օրենքին»։

«Բայց սա ունե՞ր քաղաքական կոմպոնենտ». այս հարցին էլ Խաչատրյանը պատասխանեց.- «Դուք լսեցիք, մենք համապատասխան հանձնարարություն ստացանք ստուգելու յոթ ձեռնարկություն, յոթից վեցը ավարտել ենք, մեկը շարունակում ենք»։

Գագիկ Ծառուկյանի միլիարդավոր դրամների չմուծած հարկերի մասին չճշտված լուրերից բացի՝ Սերժ Սարգսյանը խոսել էր նաև «օդում կախված այլ լուրերի» մասին։

«Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»,- ասել էր Հայաստանի նախագահը։

Թե արդյոք օդում կախված այս լուրերի իսկությունը ստուգվել է, պարզ չէ։ Ամեն դեպքում այս կապակցությամբ իրավապահ մարմինները առայսօր որևէ հայտարարություն չեն արել: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը փոխանցեց. - «Ոչ նախաքննական մարմիններից և ոչ էլ դատախազությունից օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու ցուցումներ և հանձնարարականներ ոստիկանությունը չի ստացել»:

Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում անդրադարձել էր նաև Գագիկ Ծառուկյանի խորհրդարանական նիստերից խիստ հաճախակի բացակայություններին՝ պնդելով, որ այդ անհեթեթ իրավիճակին պետք է վերջ դրվի: «Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար»,- ասել էր նա։

Չնայած Սերժ Սարգսյանի այս խիստ քննադատությանը, պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այսօր էլ շարունակում է բացակայել Ազգային ժողովի նիստերից: Ըստ parliamentmonitoring.am կայքի, Ծառուկյանը այս տարվա աշնանային նստաշրջանում նույնպես որևէ նիստի չի ներկայացել:

Կոշտ ու վիրավորական գնահատականներից ամիսներ անց, երբ Գագիկ Ծառուկյանն արդեն հեռացել էր քաղաքականությունից, Սերժ Սարգսյանը նրան պարգևարեց մեդալով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար:

«Ու կրկին պիտի ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- մինչդեռ փետրվարին Ծառուկյանին նվիրված նիստում ասել էր Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG