Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած Adalet ve Kalkınma Partisi-ն (AKP)` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քվեների շուրջ 49․4 տոկոսն է ստացել։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այդ մասին է վկայում քվեաթերթիկների 99.58 տոկոսի ամփոփումը։
Ըստ այդմ, «Արդարություն և զարգացում»-ը կստանա խորհրդարանի 550 տեղերից առնվազն 315-ը և դրանով իսկ՝ միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն։
«Արդարություն և զարգացում»-ը դեռ նախօրեին էր հավաստիացնում, որ անպայման շահելու է ընտրությունները։
Քրդերի շահերը պաշտպանող Halkların Demokratik Partisi-ի (HDP)` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը երեկ իր հիասթափությունն է հայտնել քվեարկության նախնական արդյունքների վերաբերյալ, սակայն հավաստիացրել է, որ HDP-ն անպայման կհաղթահարի խորհրդարանում ընդգրկվելու համար անհրաժեշտ 10 տոկոսի շեմը։ Դա կուսակցությանը հաջողվեց՝ HDP-ն ստացավ քվեների 10․68 տոկոսը:
Մինչդեռ, ընդդիմադիր հիմնական` Cumhuriyet Halk Partisi-ն (CHP)` Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը երեկ հայտարարել է, որ դատելով քվեարկության նախնական արդյունքներից՝ կոալիցիոն կառավարություն կազմելու խնդիր օրակարգում այլևս չի լինի։
Քվեաթերթիկների 99.58 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ CHP-ն ստացել է 25․41, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)` 16.29 տոկոսը:
Վերը նշված չորս կուսակցություններն էլ խմբակցություններ կունենան նորընտիր խորհրդարանում:
Ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքներով՝ «Արդարություն և զարգացում»-ը պետք է առաջատարը դառնար, սակայն վաստակեր քվեների ընդամենը մոտ 40 տոկոսը և կոալիցիա կազմեր որևէ այլ ուժի հետ։ Այսպիսով, այդ կանխատեսումը կարծես թե չի իրականանում, և Էրդողանը նորից ստանում է քաղաքական դիրքերն ամրացնելու հնարավորություն։
Այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում արդեն տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում «Արդարություն և զարգացում»-ը շատերի համար անսպասելի զրկվել էր խորհրդարանում մեծամասնությունից, իսկ հետընտրական շաբաթների ընթացքում կառավարություն կազմելու փորձերը ձախողվել էին։
Ըստ վերլուծաբանների, Էրդողանի նպատակն է նոր խորհրդարանի աջակցությամբ անցկացնել սահմանադրական փոփոխություններ և ստանալ նոր լծակներ։
«Մենք պարտավոր ենք հարգել ժողովրդի կամքը»,- հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի ընդդիմախոսները պնդում են, որ նրա գործելակերպը հետզհետե ավելի ավտորիտար է դառնում, իսկ Արևմուտքը Էրդողանին քննադատում է մամուլի ազատությունը ոտնահարելու համար, ինքը նախագահը չի ընդունում այդ քննադատությունը։