Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն․ Ֆարմանյանը կեղտոտ պատվեր է կատարել


Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացնում է իր զեկույցը: 26-ը հոկտեմբերի 2015 թ․
Մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացնում է իր զեկույցը: 26-ը հոկտեմբերի 2015 թ․

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկմանը Ֆարմանյանը «փնթի», «անատամ», «ջուր ծեծոցի» որակումներն էր տվել Կարեն Անդրեասյանի ներկայացրած փաստաթղթին:

Հանրապետական պատգամավորը նաև հեգնել էր, թե զեկույցում նշված է, որ քրեակատարողական հիմնարկում միջատները կծել են դատապարտյալի ձեռքերն ու ոտքերը, ինչը, ըստ նրա, խիստ անլուրջ է ներկայացնելը:

«Ես համոզված եմ, որ դա պատվեր էր: Ունեմ դրա համար հիմքեր: Եվ եթե կարիքը լինի, ես նաև կհրապարակեմ այդ հիմքերը: Բայց հիմա իմ աշխատանքից շեղվել և ներքաշվել խարդավանքների մեջ, ինչը թերևս հենց պատվիրատուների ցանկությունն է, ես դա չեմ անելու», - ի պատասխան «Ազատության» հարցին, ասաց Կարեն Անդրեասյանը:

Հարցին՝ «Համապատասխանո՞ւմ է իրականությանը, որ Սամվել Ֆարմանյանի հետ բանավեճի պատճառը նախագահ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ու իր եղբոր՝ Գրիգոր Մինասյանի միջև իբր առկա հակասություններն են, ու քանի որ Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք վերջինիս հետ, Ձեզ նման քննադատության ենթարկեցին Ազգային ժողովում», Անդրեասյանը արձագանքեց ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով․ - «Ես երբեք չեմ թաքցրել, որ Գրիգոր Մինասյանը իմ ընկերն է և վաղեմի ընկերը: Ինչ վերաբերում է այլ մարդկանց անձնական հարաբերություններին, ես կոռեկտ չեմ համարում որևէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ»:

«Ազատության» դիտարկմանը, թե լրատվամիջոցներում վարկած է շրջանառվում, որ Ֆարմանյանը հնչեցնում էր գլխավոր դատախազի քննադատությունը օմբուդսմենի հասցեին, Անդրեասյանն արձագանքեց․ - «Ես կարող եմ ասել, որ գլխավոր դատախազի հետ ունեցել եմ բազմաթիվ կոնֆլիկտներ, բայց Գևորգ Կոստանյանն ունի այնպիսի բարոյական նկարագիր և այնպիսի անձնավորություն է, որ եթե խնդիրներ է ունենում, դա երբեք չի անում կեղտոտ, թաքնված, կեղծ պատվերների ճանապարհով: Նա ունի այն ուժը և կարողությունը և մարդկային արժանիքները, որպեսզի իր խնդիրները բարձրաձայնի անձամբ և ինքնուրույն: Նաև կարող եմ ասել, որ ես անկեղծորեն ներում եմ Ֆարմանյանին իր այդ դրսևորումը: Ես դեռ բարկացած եմ նրա անմիջական ղեկավարի վրա և ես հուսով եմ, որ նրա անմիջական ղեկավարը այլևս սխալ ուղու վրա չի դնի Ֆարմանյանին»:

Այսօր «Ազատությունը» դիմեց Սամվել Ֆարմանյանին, սակայն նա հրաժարվեց արձագանքել օմբուդսմենի խոսքերին: Երեկ իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրել էր, թե այլևս չի ցանկանում անդրադառնալ այս թեմային:

Փոխարենը այսօր նման ցանկություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, թե Ֆարմանյանի ձևակերպումները ընդամենը տեսակետ էին, իսկ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Խոսրով Հարությունյանը:

«Խորհրդարանը շատ ակտիվ է, մանավանդ եթե ընտրական կամպանիաներ են լինում: Առավել ևս այդպես էլ չկարողացանք իրազեկել Կարեն Անդրեասյանին, որ ինքը եկել է պատգամավորների ներկայությամբ հաշվետվություն տալ և ոչ թե դասեր տալ: Իսկ նման պայմաններում, բնական է, կոնֆլիկտներ կարող են լինել», - հավելեց խորհրդարանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG