Մատչելիության հղումներ

«Այո»-ի և «ոչ»-ի կողմնակից քաղաքական գործիչները հակադիր կարծիքներ ունեն ընտրողների դիրքորոշման մասին


Մինչդեռ մայրաքաղաքում անցկացրած «Ազատության» հարցախույզի մասնակիցները անտեղյակ էին առաջարկվող փոփոխությունների մանրամասներին:

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հավատում է «այո»-ի հաղթանակին: «Դրական փոփոխություն տեղի ունեցավ քաղաքական դաշտում, նույն էվոլյուցիան տեղի է ունենալու նաև հասարակական գիտակցության մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Սահմանադրական փոփոխությունները տապալելու կոչ անող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հակադարձում է Նիկոյանին՝ «հասարակության չես խաբի», «Հանրապետականն ընդդիմադիրներին իր կողմն է քաշել տարբեր հնարքներով․ - «Հենց այդ ներկայացուցիչներն էին մեզանից շատ ավելի բարձրաձայն և այսպես ասեմ՝ հիմնավորված ներկայացնում, թե ինչու այս Սահմանադրություն չի կարելի ընդունել ընդամենը մի քանի ամիս առաջ: Ուստիև հասարակությունը, քանի որ հիշողության կորուստ չունի, շատ լավ հիշում է, թե ով ինչ էր ասում, և այդ փոփոխությունը իր վրա բացարձակ չի ազդում: Հակառակը՝ դեպի իշխանություններ այդ զայրույթը, ատելությունը ավելի է մեծանում»:

Թեև իշխող Հանրապետականը քարոզարշավային հանդիպումներ դեռ չի անցկացրել, կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը կարծում է, որ «այո»-ի քարոզարշավն ավելի հաջող է անցնում, քան «ոչ»-ինը:

«Իմ խորին համոզմամբ՝ «այո»-ի կողմնակիցներն ավելի շատ են, քան «ոչ»-ի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, համոզված է, որ փոփոխությունների կողմնակիցներն են փոքրամասնություն կազմում․ - «Ցանկացած բնակավայր կարող են գնալ․ եթե մենք տասը պատճառ բերենք, թե ինչու «ոչ», իրենք հարյուր տասը պատճառ կբերեն՝ իրենց կյանքից սկսած»:

«Հարցը կեցության մասին չէ», - հակադարձում է Հարությունյանը: - «Հարցը աշխատավարձերի բարձրացման կամ թոշակների բարձրացման վերաբերյալ չէ: Խոսքը վերաբերում է պետականաշինությանը»:

Հանրապետական պատգամավորն ասում է, թե իշխանությունն ընտրակեղծիքի կարիք չունի, որովհետև համախոհների պակաս չունի:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը գլխի է ընկնում, թե ինչի մասին է խոսքը․ - «Եթե նկատի ունեն, որ պետք է էլի նախկինի նման ընչազուրկ մարդկանց գումար բաժանեն, սպառնալիքով, վախեցնելով, բռնություններով, վարչական ռեսուրս օգտագործելով․․․ եթե դա նկատի ունեն, որ հաշվարկել են, գումարած ամենաքիչը ութ հարյուր հազար գոյություն չունեցող ձայները, որ իրենք կարող են օգտագործել, ապա հասկանալի է, որ հանրաքվեի արդյունքը իրենց գրպանում է»:

Ավետիսյանի փոխանցմամբ, իրենք չի կասկածում, որ իշխանությունը կարող է հասնել ցանկալի արդյունքին, ուստի Հիմնադիր խորհրդարանում անիմաստ են համարում հանրաքվեին մասնակցելը․ ՀԽ-ն «Նոր Հայաստան» շարժման կազմում հանրաքվեն տապալելու կողմնակից է․ - «Կազինոյում չի կարելի գնալ և փորձել հաղթել նրան»:

«Բարգավաճ Հայաստան»-ը ՀՀԿ-ից առանձին է մասնակցում «այո»-ի քարոզարշավին․ մարզային հանդիպումների մեկնող Վահան Բաբայանն ասում էր, թե մարդիկ հակված են «այո»-ի, «ոչ»-ը վաղուց է պարտվել․ - «Բոլոր տեղերում էլ կլինեն դժգոհ մարդիկ, որոնք նույնիսկ երկրի եղանակի վատ լինելը կարող են կապել անձերի հետ: Դա, կարծում եմ, անլուրջ է»:

Մեր փոքրիկ հարցման մասնակիցները տեղյակ էին, որ մոտ մեկ ամսից սահմանադրական հանրաքվե է անցկացվելու, անտեղյակ էին, սակայն, առաջարկվող փոփոխությունների մանրամասներին:

«Պասսիվ է այդ քարոզարշավը ընթանում», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Իսկ մի կին ասաց․ - «Ուժային կառույցներում եմ: Ես իրավունք չունեմ ոչ մի տեղ մասնակցելու: Մեզ ընդհանրապես զգուշացնում են, որ մենք միայն պրեզիդենտի կողմնակից ենք»:

XS
SM
MD
LG