Freedom House-ը հրապարակել է աշխարհի երկրներում ինտներնետի ազատության 2015 թվականի զեկույցը։ Հայաստանը դասված է ազատ երկրների շարքում: ԱՊՀ-ի անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը:
Ըստ զեկույցի, ինտերնետի առումով ազատ երկրների թվում է նաև Վրաստանը, մասամբ ազատ են Ադրբեջանը, Ուկրաինան և Ղրղըզստանը, իսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը ոչ ազատ երկրների շարքում են:
Զեկույցը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին: Freedom House-ը նշում է, որ արդեն 5-րդ տարին է, ինչ աշխարհի մասշտաբով նկատելի է ինտերնետի ազատությունների սահմանափակում: Ավելի շատ կառավարություններ են գրաքննության ենթարկում հանրային հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիան, ընդլայնվում են նաև վերահսկողությունը և անհատական գաղտնապահության խախտումները:
Ինտերնետի ազատության ծրագրի տնօրեն Սանյա Քելլին ասել է, թե կառավարությունները ավելացրել են ճնշումները անհատական ու մասնավոր սեկտորների վրա՝ անցանկալի նյութերը արգելափակելու և ֆիլտրելու փոխարեն գերադասելով պարտադրել ջնջել կամ հեռացնել դրանք: «Նրանք գիտեն, որ միջին օգտատերը տեխնոլոգիապես ավելի զարգացած է դարձել և ընդունակ է շրջանցել պետության կողմից դրված արգելանքները», - նշել է նա։
Ըստ Freedom House-ի զեկույցի, ինտերնետից օգտվողների 61 տոկոսն ապրում է այնպիսի երկրներում, որտեղ կառավարության, բանակի կամ գերիշխող ընտանիքների մասին քննադատական նյութերը գրաքննության են ենթարկվում:
58 տոկոսի երկրներում քաղաքական, սոցիալական կամ կրոնական բովանդակությամբ իշխանություններին անհաճո նյութեր տարածելու համար բանտարկվում են օգտատերեր կամ բլոգերներ:
Զեկույցը վկայում է, որ ինտերնետում առաջին հերթին գրաքննության են ենթարկվում իշխանություններին քննադատող նյութերը, հակամարտությունների մասին լուրերը, բարձրաստիճան պաշտոնյաներին կամ խոշոր գործարարներին կոռուպցիայի մեջ մեղադրող հրապարակումները, ընդդիմադիր կայքերը։ Երգիծանք պարունակող նյութերը ևս գրաքննվել են ուսումնասիրված երկրների մեկ երրորդում:
Ըստ զեկույցի, ուսումնասիրված 65 երկրներից 42-ի իշխանությունները մասնավոր ընկերություններից կամ ինտերնետ օգտատերերից պահանջել են սահմանափակել կամ հեռացնել քաղաքական, կրոնական կամ սոցիալական խնդիրների մասին նյութերը: Նախկինում այդպիսի երկրները 37-ն էին: 65 երկրներից 40-ում բանտարկված մարդիկ կան, որոնք կալանավորվել են վերը նշված բովանդակությամբ նյութեր տարածելու համար: Նախկինում այդպիսի երկրները 38-ն էին: 14 երկրների իշխանությունները նոր օրենքներ են ընդունել՝ ուժեղացնելու համար ինտերնետի վերահսկողությունը:
Ինտերնետի ազատությունների ամենախիստ սահմանափակումները Չինաստանում են, Սիրիայում և Իրանում։ 32 երկրում ինտերնետի ազատության անկում է գրանցվել, այդ թվում՝ Ֆրանսիայում, Լիբիայում, Ուկրաինայում: Ուկրաինայում արդեն երկրորդ տարին անընդմեջ է ինտերնետի ազատությունների սահմանափակում արձանագրվում՝ Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով:
Freedom House-ը ինտերնետի ազատության բարելվում է արձանագրել Շրի Լանկայում, Զամբիայում, որտեղ կառավարություն է փոխվել, ինչպես նաև Կուբայում: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորող Կուբայում չնայած բարելավում է նկատվել, սակայն մեծամասնության համար ինտերնետը դեռևս հասանելի չէ: