Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող անձանց:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը, այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:
Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին: