Մատչելիության հղումներ

«Նուբարաշեն»-ում կատարվածի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը

Ծառայողական քննությունն այսօր է նշանակվել, իսկ վարչության պետն արդեն պնդում է, թե նման բան տեղի չի ունեցել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի փոխանցմամբ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) ծառայողական քննություն է նշանակվել՝ ճշտելու դատապարտյալների նկատմամբ դիմակավորված անձանց կողմից բռնության մասին տեղեկությունները:

Ծառայողական քննությունն այսօր է նշանակվել, իսկ վարչության պետն արդեն պնդում է, թե նման բան տեղի չի ունեցել: «Իրականությանը չի համապատասխանում, որ աշխատակիցները հարձակվել են բանտարկյալների վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օսիկյանը՝ մանրամասնելով․ - «Հաղորդում ենք ստացել, որ խցերից մեկում հեռախոս կա: Մի քանի խցերում խուզարկություն է կատարվել, հայտնաբերվել են արգելված առարկաներ, այդ թվում նաև` բջջային հեռախոսներ: Բնական է, որ ում մոտից դրանք հայտնաբերվել են, դժգոհություն են հայտնել»:

Միջադեպի մասին առաջինը հաղորդած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ դատապարտյալները սոսկ պաշտպանվելու համար են դռներին խփելով աղմուկ են բարձրացրել, անգամ ներքնակներ այրել․ - «Ծնողները ահաբեկված էին, օգնություն էին խնդրում: Նույնը կալանավորների հետ էր ներսում կատարվում, երբ անսպասելիորեն, կալանավորների խոսքերով ասած՝ նալյոտ էին կազմակերպել: Ընդ որում՝ երկու անգամ․․․ մտնել, ջարդել․․․ Կալանավորներն այնքան անպաշտպան են եղել, որ գլուխները դուրս են հանել, սկսել են գոռալ, ձայներ հանել․․․ Պաշտպանվելու ինչ-որ միջոցներ են փնտրել»:

Իրավապաշտպանի այս հայտարարության կապակցությամբ Հայաստանի օմբուդսմենի ներկայացուցիչները զրուցել են ավելի քան 150 ազատազրկվածների հետ: Ոմանք հաստատել են, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն: Որոշ ազատազրկվածներ էլ պատմել են դիմակավոր անձանց մասին՝ պնդելով, թե իրենք ի նշան բողոքի այրել են սրբիչներ և դուրս են նետել պատուհաններից:

Օմբուդսմենն Արդարադատության նախարարությունից սեղմ ժամկետում ակնկալում է ստանալ խուզարկության արձանագրությունները, աշխատակիցների բացատրագրերը: Ի պատասխան` նախարարությունից փոխանցում են, որ նշանակվել է ծառայողական քննություն:

Ժաննա Ալեքսանյանը արձագանքը խիստ ուշացած ու ոչ-համարժեք է համարում․ - «Նախարարը պետք է անմիջապես մեկներ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ՝ Օսիկյանի հետ միասին, և այն ժամանակ նոր բացատրությունների տային, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել»:

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ հեռախոսների պատճառով խուզարկությունները նորություն չեն կալանավայրերում: Նա ընդունում է, որ կալանավայրերում բջջայիններից օգտվելու կարգն ազատականացնելու դեպքում վերահսկողությունը կբարդանա․ - «Իրենք գիտեն, որ դատապարտյալն ունի, դատապարտյալն էլ գիտի, որ իրենք գիտեն, որ ինքը ունի: Եթե հանկարծ դատապարտյալը փորձի ինչ-որ հարցի դեմ ըմբոստանալ, ապա կարող են ասել՝ գիտես ինչ, հեսա կխուզարկենք, քո հեռախոսը կառգրավենք: Այսինքն նաև հսկողության տակ պահելու մի միջոց է դա»:

Հարազատների հետ կապի միակ միջոցը կալանավայրերում տեղադրված քարտային հեռախոսներն են, որոնից դատապարտյալներն օգտվում են միայն վարչակազմի ներկայությամբ:

Փաստաբանն Ռոբերտ Ռևազյանն ասում է, որ դիտորդական խումբը բազմիցս բարձրաձայնել է, որ հարկավոր է գտնել այսպես թե այնպես կալանավայր մտնող հեռախոսները օրինականացնելու ճանապարհներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG