Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու իրավունք տալով, իշխանությունները կրկնակի քվեարկության, հետևաբար և՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծելու հնարավորություն են ստեղծում։
Ի տարբերություն անձնագրով քվեարկելու դեպքի, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցող քաղաքացիների քվեարկության մասին վկայող որևէ դրոշմակնիք չի դրվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադևոսյանն ու «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում նշեցին, թե իշխանության նպատակն այս պարագայում ավելի քան ակնհայտ է։
Արմեն Մարտիրոսյան․ «Սա ընտրակեղծիքներ կատարելու եղանակներից մեկն է ապահովելու, որովհետև ակնհայտ է, որ դա հնարավորություն է ընձեռելու բազմակի քվեարկություն իրականացնել»: Զոյա Թադևոսյան․ «Այդ որոշումը հետապնդում է ընտրակեղծիքներ իրականացնելու նպատակ»:
Հիշեցնենք, Երեկ Աժ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությամբ, արտակարգ ռեժիմով ԱԺ-ի առաջիկա քառօրյաում քվեարկության կդրվի իշխող հանրապետականի 4 պատգամավորների հեղինակած օրինագիծը, որն առաջարկում է ընտրելու իրավունք տալ նաև նույնականացման քարտերով։
Ընդ որում, հանձնաժողովը մերժեց նիստին ներկա ընդդիմադիր պատգամավորների՝ քարտով քվեարկելու վերահսկման մեխանիզմներ ներդնելու առաջարկը, պատճառաբանելով, որ հիմա դա անել հնարավոր չէ, քանի որ հանրաքվեին շատ քիչ ժամանակ է մնացել։ «Այդպիսի փաստարկ բերել, որ չեն հասցնի, դա անհեթեթություն է»,- նշում է Զոյա Թադևոսյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, իր հերթին, նկատում է․ «Փաստորեն, մեր ամբողջ հանրությանն ասում են՝ լավ, էս սահմանադրական հանրաքվեն արագ կեղծելու կարիք ունենք և էկեք էս անգամ թող վերահսկողության մեխանիզմ չաշխատի, ընդամենը սա է»:
Ընտրացուցակների անճշտության և ուռճացվածության մասին բարձրաձայնող ՀԱԿ-ը դրոշմակնիքի բացակայությունից բացի, նույնականացման քարտերով ընտրակեղծարարության այլ մեխանիզմ էլ է մատնանշում։
«Նույնականացման քարտերում նշված չէ քաղաքացու գրանցման հասցեն, դա նշանակում է, որ արդեն վստահված անձինք կամ հանձնաժողովի անդամները չեն կարողանա ստուգել՝ արդյոք՞ այս մարդը եկել է այն տեղամաս, որտեղ այդ հասցեներով կարելի է քվեարկել»,- ասում է Լևոն Զուրաբյանը:
Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հանրապետական Հովհաննես Սահակյանի համար ընդդիմադիրների քննադատություններն անընդունելի են: Նրա պնդմամբ, օրինագիծը նաև «Ոչ»-ի ճամբարի համար է։ «Եթե մենք էս 500 հազարին թույլ չտանք, վաղը մեր նույն ընդդիմադիրները կարող են դիմել Սահմանադրական դատարան և ասել՝ 500 հազար մարդ չի կարողացել իրացնել ընտրական իրավունքը ու վստահեցնեն, որ այդ մարդիկ «ոչ»-ի կողմնակիցներն են»:
Ընդդիմադիրները, սակայն, անհեթհեթ են որակում Սահակյանի այս հայտարարությունը: Զոյա Թադևոսյանը իշխող կուսակցության պատգամավորին հիշեցնում է․ «Նույնականացման քարտ ունեցողներն ունեն նաև անձնագրեր, ի՞նչն է խանգարում, որ նրանք գնան՝ անձնագրերով քվեարկեն: Պարզ է՝ խանգարում է այն, որ 500 հազար մարդ կգնա կրկնակի քվեարկության և կապահովի այն թիվը, ինչը պետք է իշխանություններին»:
Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության միջոց համարող՝ ընդդիմադիր ՀԱԿ-ը կարծում է, որ օրինագիծը նաև 2017թ․ կայանալիք խորհրդարանական ընտրությունների կեղծմանը կծառայի։
«Ընկել են շատ ծանր վիճակի մեջ, հասկանում են, թե ինչքան վատ է «Այո»-ի վիճակը, ժողովրդի մեծամասնությունը, փաստորեն, պատրաստվում է ոչ ասել Սերժ Սարգսյանի ռեժիմին և նրա վերարտադրմանը, և դրա հետ է կապված այն խուճապային քայլերը, որոնց նրանք դիմում են»,- ասում է Լևոն Զուրաբյանը: