ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է 4-ամյա ջրաշենցի երեխայի մահվան պատճառը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել երեխային բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեխային ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչն անզգուշությամբ հանգեցրել է հիվանդի մահվան: Նախաքննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեն պարզաբանում է՝ քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխայի նկատմամբ բուժհաստատությունում ցուցաբերվել է ոչ պատշաճ բուժօգնություն։
Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ Ջրաշեն գյուղի 4-ամյա բնակչուհին 2015 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 13:55-ին, «սուր աղիքային ինֆեկցիա, գաստրոէնտերոկոլիտ տարբերակ» ախտորոշմամբ ընդունվել է «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ինֆեկցիոն բաժանմունք։
Բժշկի՝ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի կողմից երեխայի վիճակը գնահատվել է «մոտ ծանրին»: Երեխան պետք է հոսպիտալացվեր վերակենդանացման բաժանմունք, և այնտեղ կատարվեին անհրաժեշտ կենսական ֆունկցիաների պահպանմանն ուղղված բուժական ինտենսիվ միջոցառումներ: Սակայն բժշկի կողմից հիվանդը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք՝ անգամ ինֆեկցիոն բաժանմունք նրա ընդունվելուց հետո, որտեղ երեխայի մոտ շարունակվել են պաթոլոգիական կորուստները՝ աղեստամոքսային տրակտից՝ լուծով, փսխմամբ՝ զուգորդված ջերմության առկայությամբ:
4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արդեն կլինիկական մահվան վիճակում, որտեղ հնարավոր չի եղել կատարել որևէ ախտորոշում՝ ելնելով վերը նկարագրված օբյեկտիվ վիճակից, իսկ ինֆեկցիոն բաժանմունքում գտնված ժամերի ընթացքում երեխայի նկատմամբ բաժանմունքի վարիչի կողմից չեն իրականացվել բավարար հետազոտություններ։ Դրանք՝ Անահիտ Պետրոսյանի կողմից ճիշտ կատարելու դեպքում հնարավոր կլիներ ճշտել հիվանդի ախտորոշումը, առավելապես՝ շոկային վիճակի առկայությունը, գնահատել ծանրության աստիճանը և կատարել համապատասխան համալիր բուժումներ, որոնք էլ կկանխեին հետագա բարդությունները: