«Յուվեցի Կարո» մականունով հայտնի պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի կրակոցներից ծանր վիրավորված, Վերնիսաժի գործով երեկ երեք տարվա ազատազրկման դատապարտված Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը դատարանին մեղադրում է «պատվեր կատարելու մեջ»։
Մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում «ցինիզմ» որակելով դատավճիռը, հայտարարեց, որ դատավոր Գագիկ Պողոսյանը մեկ տարվա դատաքննության ընթացքում չի փորձել ճշմարտությունը ջրի երես հանել։
«Դատավորը ամբողջ մի տարի քնեց դատերի ժամանակ: Մենակ ննջում էր: Վերջում էլ մարդը իր գործն արեց», - դժգոհում էր նա:
Բանն այն է, որ մեկուկես տարի առաջ Վերնիսաժի տարածքում կրակահերթ արձակած Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դատապարտվեց 6,5 տարվա ազատազրկման, թեև դատախազը 9 տարվա ազատազրկում էր պահանջել։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ապօրինի զենք կրելու և 5 հոգու մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Իսկ Գոռ Առաքելյանի կրակոցների պատճառով արդեն երկու անգամ վիրահատված Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ դատարանը հակառակ դիրքորոշումը ցուցաբերեց. ընտրեց ավելի մեծ պատժաչափ, քան մեղադրողն էր միջնորդել։ Մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել՝ նրան ու Ներսես Մելքոնյանին մեղադրելով վիճաբանության ժամանակ Յուվեցի Կարոյի փեսային հարվածելու և թեթև մարմնական վնաս հասցնելու մեջ։
Հովհաննիսյանի մայրը, պնդելով, որ իր որդին ընդամենը տուժող է, հայտարարեց. - «Անարդար դատավճիռը դեռ շատ ջուր է տանելու: Մենք այս գործը այսպես չենք թողնի, գործը քանդենք՝ այնպիսի բաներ ի հայտ բերենք, որ իրենք մատ մնան: Իրենք չգիտեն ում հետ գործ ունեն»:
Լիանա Հովհաննիսյանը պնդում է, որ Յուվեցի Կարոյի փեսայի երկու մերձավորներ մասնակցել են Վերնիսաժի միջադեպին, բայց և՛ նախաքննության, և՛ դատաքննության ընթացքում այդ հանգամանքը «կոծկվել է»։
Ի տարբերություն Վալերի Հովհաննիսյանի հարազատների, որոնք մտադիր են պայքարել և հասնել գործի վերաբացմանը, նրա հետ նույն տեղում վիրավորված ու 2 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Մելքոնյանի պաշտպանական կողմը չի մեկնաբանում դատավճիռը։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը փոխանցեց, որ բողոքարկելու հարց դեռևս չեն քննարկել։ Գոռ Առաքելյանի պաշտպանական կողմը ևս ձեռնպահ է դիրքորոշում հայտնել։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զուգահեռներ անցկացրեց օդամղիչ ատրճանակով օդ կրակած ընդդիմադիր Հայկ Կյուրեղյանին 9 տարվա ազատազրկման դատապարտելու, երթի դուրս եկած Շանթ Հարությունյանին ու ընկերներին մինչև 7 տարով բանտարկելու և ապօրինի զենքից 5 հոգու վիրավորելու մեջ մեղադրվող Գոռ Առաքելյանի վերաբերյալ դատավճիռների միջև:
«Կա ակնհայտ իշխանության հովանավորություն այնպես, ինչպես ակնհայտ է, որ իշխանության հովանավորության դեպքերում նման շատ մեղմ մոտեցում է ցուցաբերվում, ինչպես, ասենք, Լիսկայի կողմից հանցագործությունների դեպքում: Նույն դատախազը, զարմանալիորեն, բացարձակապես ուշադրություն չի դարձնում Նեմեց Ռուբոյի կողմից Արսեն Ավետիսյանի նկատմամբ ոչ միայն ծեծի դեպքը, այլ նաև խուլիգանության դեպքը», - ասում է Սաքունցը: Իսկ տուժած Վալերի Հովհաննիսյանի նկատմամբ, ըստ իրավապաշտպանի, դատարանը հաշվեհարդար տեսավ նրա հարազատների համարձակ հայտարարությունների համար:
«Դատարանը հանդես է գալիս որպես պատժիչ օրգան բողոքողների նկատմամբ», - ասում է նա:
Գործում չներգրավված մի շարք փաստաբաններ էլ չեն բացառում, որ գուցե արդարադատություն է իրականացվել։
«Չգիտեմ՝ այդ մարդկանց բախտն է, թե դժբախտությունն է՝ նման բարեկամ ունենալ, բայց դա կարծրատիպ է, որովհետև բոլորը հակված են մտածելու, որ խուլիգանական դրդումներով, կոպիտ ասած՝ թքած ունենալով հանրության վրա, կրակոց, և այլն: Եվ համեմատաբար մեղմ պատիժ այդ վարկածի դեպքում, բայց ինչքանո՞վ ենք մենք վստահ, որ այդ վարկածը իրականություն է: Հետևաբար՝ այդ բարեկամական կապը այս գործում ես այդքան չէի շահարկի», - ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: