Հինգ տասնյակ փաստաբաններ ու իրավապաշտպաններ օրերս տարածած հայտարարության մեջ պնդել էին, թե Փաստաբանների պալատի վարչական աշխատակիցները մասնակցում են պալատի նախագահին քննադատած փաստաբանների դեմ քարոզչական արշավին։
Հայտարարության հեղինակները մի շարք պահանջներ են ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ ակնկալելով նաև բացատրություն, թե արդյոք վերջինս մասնակցել է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի մասին հոդվածներ պատվիրելու միջադեպին։
Պատասխանն ակնկալում են 5-օրյա ժամկետում: Մինչդեռ պալատը կարծես չի շտապում։
Փաստաբանների հայտարարությանը «Ազատության» հետ զրույցում արձագանքեց պալատի նախագահի տեղակալ Կարեն Մեջլումյանը. - «Մի քանի փաստաբան 5-օրյա ժամկետ են ինչ-որ հարցերի համար տվել, վաղը մի քանի այլ փաստաբան 3-օրյա ժամկետ կմտածեն․․․ Նման վերջնագրերով խոսելը կամ նման տոնայնությամբ խոսելը մեր համար ընդունելի չէ: Չի՛ կարող դա ողջունելի լինել»:
Մի խումբ փաստաբաններ, հիշեցնենք, պնդում են, որ պալատի նախագահն իրենց ճնշումների է ենթարկում, և չեն բացառում, որ դա կապված է իրենց ընդդիմադիր դիրքորոշման, նաև սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հետ։
Լուսիեն Սահակյանը և Երվանդ Վարոսյանը նաև կասկածներ էին հայտնել, որ հենց Արա Զոհրաբյանն է իրենց դեմ հոդված պատվիրել, ինչը Փաստաբանների պալատը կտրականապես հերքում է:
«Նման բան չի կարող ոչ մեկի մտքով անցնել», - ասաց Մեջլումյանը: - «Ում մտքով որ անցնում է, ուրեմն նա սուբյեկտիվ է մտածում ու գիտի, որ ճիշտ չէ: Պարզապես դա հայտարարության համար է ասվում»:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, մինչդեռ, նոր մանրամասներ է հրապարակում՝ պնդելով նաև, որ ավելի վաղ մեկ այլ լրատվամիջոցում իրեն զրպարտող հոդված էր հայտնվել, որտեղ տեղ էր գտել միայն Փաստաբանների պալատին հայտնի տեղեկություն․ - «Արա Զոհրաբյանին ես անձամբ ներկայացնում եմ, որ բոլորն ասում են, որ Հայկ Հակոբյանն է պատվիրել իմ դեմ այս հոդվածը․․․ Զրուցել եմ Հայկի հետ, ասել եմ՝ Հայկ, ինչո՞ւ ես պատվիրել նման հոդված, ես կդիմեմ դատարան, կդիմեմ ոստիկանություն, որովհետև դուք սուտ մատնություն եք արել իմ դեմ: Հայկը ասում է՝ ես կապ չունեմ, կար երկրորդ եզրակացություն, դա Արա՛ն է ասել: Արան ասում է՝ ես դրա հետ կապ չունեմ, Հա՛յկն է մեղավոր»:
Բաղդասարյանը փաստաբանների դպրոցի ղեկավարի աշխատանքից հրաժավել է պալատում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով: Նրան նաև ազատել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամությունից։
Նա համոզված է, որ այդ ամենը տեղ չէր գտնի, եթե պալատի ողջ իշխանությունը կենտրոնացած չլիներ միայն Արա Զոհրաբյանի ձեռքում:
Բաղդասարյանն առաջարկում է փոխել Փաստաբանների պալատի կանոնադրությունը․ - «Ստեղծել հակակշիռների մեխանիզմներ այնպես, որպեսզի եթե Փաստաբանների պալատի նախագահը որոշակի անօրինականություններ անի փաստաբանի նկատմամբ, լինեն զսպման մեխանիզմներ: Ինքը հասկանա, որ քայլից հետո կա պատասխան տալու հարցը: Մենք մեր մաշկի վրա զգացինք, թե ինչ է նշանակում մի անձի ձեռքում ամբողջ իշխանությունը կենտրոնացնելը»: