Մատչելիության հղումներ

Գյուղացիները չեն հավատում պաշտոնական վիճակագրությանը


Գյուղացիները իրենց կաշվի վրա «չեն զգացել» երկնիշ տնտեսական աճը
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա օգոստոսի համեմատությամբ այս տարի գյուղատնտեսության ոլորտը երկնիշ՝ 13.5 տոկոս աճ է արձանագրել:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում աճի մասին հայտարարություններին չի հավատում: Արշալույսի բնակիչներից մեկը ցույց է տալիս դաշտերում փտող սմբուկը, որն այդպես էլ չի կարողացել իրացնել․ - «Էսի մեր տնտեսական աճն ա, ասում են՝ երկնիշ աճ ա: Բայց էս որ թափել ենք, ի՞նչն եք ծախել, որ երկնիշ աճ ա․․․ Խաբում են մեզի»:

Նույն վիճակն է նաև այլ գյուղերում:

Շատերի պատմությունը կրկնվում է․ վարկ են վերցրել, ցանել են՝ եկամուտ ստանալու հույսով, սակայն այժմ վարկի տոկոսներն անգամ չեն կարողանում փակել: Ասում են, թե անգամ բերքը հավաքելը ձեռնտու չէ՝ իր ծախսը չի փակում: Հավաքում են, տանում թափում․ ո՛չ գործարաններն են մթերում, ո՛չ էլ շուկայում գնորդ կա:

Ծիածան գյուղից Մելիք պապը, հաշվելով իր օրվա վաստակը, ասում է, որ ուսանող թոռների տրանսպորտի վարձն անգամ դժվար թե փակի:

Մելիք պապը գարնանը հեռուստացույցով խոստումներ է լսել, թե գյուղացին մթերման հետ կապված խնդիրներ չի ունենա, սակայն հիմա փաստի առջև են կանգնել․ - «Ես խաբնվեցի: Իրանք էլ ինձ հետ խաբնվեցին, որ դուք վերցրեք, կռեալիզացնենք․․․ Դու եկամուտ պտի ստանաս, որ դու կարողանաս հաջորդ տարի վերարտադրություն կազմակերպես․․․ Եթե ես չեմ կարողանում իմ վերարտադրության գումարը հանեմ, այսինքն վարկն էլ չեմ կարողանում վճարել, ես հաջորդ տարի ի՞նչ պտի ցանեմ»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը դեռ տարվա սկզբին էր ահազանգում՝ Ռուսաստանում ճգնաժամից տուժած արտադրողներն ու արտահանողները հնարավորություն չեն ունենալու գյուղացու արտադրանքը անհրաժեշտ ծավալով մթերել:

Նրա համոզմամբ՝ այսօր էլ ուշ չէ մտածել գյուղացուն և արտադրողին հարկային արտոնություններ և էժան վարկեր տրամադրելու մասին, միջանկյալ մթերման հարցը սառնարանների միջոցով լուծելու մասին․ - «Լավագույն եղանակը միջանկյալ մթերման օղակների ստեղծումն է: Երկու ճանապարհով: Առաջինը՝ սառնարաններ, որոնց մեջ դրվում է բերքը ու պահվում է: Երկրորդը՝ ստեղծել կիսաֆաբրիկատներ»:

Մակարյանի կարծիքով, եթե գյուղացին չկարողացավ վարկերը փակել և գումար վաստակել, ստիպված փորձելու է հողագործությանն այլընտրանք գտնել:

Գյուղացիները թեև այլևս խոստումներին չեն հավատում, բայց Հայաստանը լքելու գաղափարը միանշանակ չի ընդունվում․ - «Ուրիշ երկիրը մեզ գրկաբաց չի ընդունի ու իրա տարածքը մեզ գրկաբաց չի տրամադրի: Մենք պիտի պայքարենք, մնանք մեր երկրի մեջ, շատանանք ու մեր հարցը դնենք: Փախնելով ոչ մեկը մեզ համար պաղակն աղբյուր չի բերի, մեր երեխեքի համար ճամփա բացի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG