Ըստ փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի, չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ դատարանը մերժել էր Ավագյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը․ - «Հաշվի առնելով և՛ հանցագործության ծանրությունը, և՛ հասարակական վտանգավորությունը, հնչեղությունը, որ հակառակ կողմից կարող են նաև վնաս պատճառել ամբաստանյալին, եթե նա ազատության մեջ գտնվի՝ դատավորը օրենքով կարող էր մերժել: Բայց նաև պիտի հաշվի առներ մարդկային, բարոյական կողմը: Նոր էր քննությունը սկսվում, այդ ժամանակ ինքն իրեն լավ էր զգում, դեռևս այդպիսի վիճակ չկար: Դատավորը, նաև երևի տեսնելով վիճակը, չպատկերացրեց, որ այդպիսի հետևանքներ կլինեն»:
Մահացածի քույրերը չձայնագրվելու պայմանով պատմեցին, թե դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող իրենց եղբայրը «գալարվել է ցավերից», սակայն, պատշաճ բուժօգնություն չի ստացել․ - «Հնարավոր բոլոր ատյաններին դիմեցինք, բայց թույլ չտվեցին, որպեսզի մեր եղբորը ճառագայթի կուրսերի տանենք»:
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանի համոզմամբ՝ դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված: Առաջին հերթին կյանքի իրավունքն է ոտնահարվել․ - «Արդեն անհիմն է եղել դատարանի կողմից կալանավորում որպես խափանման միջոց կիրառելը: Մյուսը՝ երբ անձը գտնվում է այսպիսի ծանր հիվանդության մեջ, նրան քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն իսկ անմարդկային վերաբերմունքի դրսևորում է: Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք այստեղ չունենք կյանքի իրավունքի խախտում: Որովհետև եթե անձը ազատության մեջ լիներ, միգուցե բուժումը ավելի հեշտ կլիներ կազմակերպելը, քան թե քրեակատարողական հիմնարկում: Կարծում եմ, այս երեք հոդվածներն էլ կիրառելի են, և կարելի է վիճարկել Եվրոպական դատարանում»:
Ռևազյանի տվյալներով, միայն 2013 թվականին քրեակատարողական հիմնարկներում արձանագրված 17 մահվան դեպքերից 15-ը հիվանդության հետևանքով է եղել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ այժմ պետք է քրեական գործ հարուցվի՝ պարզելու, թե արդյոք մարդը մահացել է բուժօգնություն ժամանակին չցուցաբերելու կամ դրան խոչընդոտելու հետևանքով:
Զուգահեռներ տանելով Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ երկու տարի առաջ տեղի ունեցած սպանության գործի հետ՝ Սաքունցը եզրահանգում է, որ արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում ընտրովի է․ - «Լիսկայի տղան, որը Հայաստանի Հանրապետության սահմանները թողել էր և Օդեսայում էր գտնվում, հետո հետ կանչեցին: Այսինքն՝ խուսափելու վարքագիծը ակնհայտ էր: Խոսում էին, որ իբր առողջական խնդիր կան: Եթե առողջական խնդիրներ չկան, որի մասին այդպես պնդում է Սուրիկ Խաչատրյանը, ապա ի՞նչ հիմքով էր, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ նա գտնվում էր բուժմասում: Այդ դեպքում այստեղ կան նաև բավական կոռուպցիոն ռիսկեր․․․ Խափանման միջոցը փոխելը նման պարագայում, երբ համեմատում ենք՝ մի քանի հանցագործություններով անցնող անձի նկատմամբ երբ որ կատարվում է նման ընդառաջ քայլ, և այս դեպքում, երբ որ մարդը օբյեկտիվորեն լուրջ առողջական խնդիրներ ունի, ապա այստեղ տեսնում ենք, որ կա տարբերակված և խտրական մոտեցում»:
Փորձագետները պնդում են, որ դատապարտյալի կողմից կատարված արարքը չի նշանակում, որ նրա նկատմամբ պետք է դրսևորվեր անմարդկային վերաբերմունք, և վստահ են, որ բավարար հիմքերը կան, որպեսզի այս գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: