Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայի ցուցարարների դեմ քրեական գործը վերաբացվել է


Ոստիկանությունը հուլիսի 23-ի առավոտյան բերման է ենթարկում երիտասարդ ցուցարարին
Ոստիկանությունը հուլիսի 23-ի առավոտյան բերման է ենթարկում երիտասարդ ցուցարարին

Գլխավոր դատախազությունը վերաբացել է Բաղրամյան պողոտայում հունիսի վերջի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործը։

Ինչպես տեղեկացավ «Ազատությունը», հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «Խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել շարունակել նախաքննությունը։

Քրեական գործն ի սկզբանե հարուցված է լրատվամիջոցի հրապարակման հիման վրա, որից նախաքննական մարմինը եզրակացրել էր, որ հունիսի 22-ի ժամը 19։30-ից սկսած տևական ժամանակ «մի խումբ անձինք անօրինական հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով, Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը, դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ»։

Քննչական կոմիտեն ցուցարարների գործողություններում որևէ հանցակազմ չտեսավ և գործը շուտով կարճեց։ Բայց Գլխավոր դատախազությունը, փաստորեն, սեպտեմբերի 25-ի որոշմամբ ցուցում է տվել գտնել խուլիգաններին։ Վերահսկող դատախազը հիմնավորել է, որ չեն պահպանվել «գործի արդարացի քննության» պահանջները (Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդված), «բացահայտված հանգամանքներին քննիչի կողմից չի տրվել քրեաիրավական գնահատական»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով այս ամիսներին 100-ից ավելի հարցումներով փորձել է պարզել այդ ցույցերի ժամանակ կատարվածի մանրամասները, զավեշտալի է որակում այս իրավիճակը։

«Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը 237 հոգու տանում է բաժին՝ պնդելով, որ 237 հոգու բռնել է հանցագործություն, այն է՝ խուլիգանություն կատարելուց կամ խուլիգանություն կատարելուց անմիջապես հետո։ Այնուհետև Քննչական կոմիտեն խուլիգանության գործը կարճում է՝ հանցակազմի բացակայության պատճառով, ասելով, որ այդտեղ որևիցե մեկը խուլիգանություն չի արել։ Ստացվում է, որ ոստիկանությունը մասսայական հալյուցինացիաներ է ունեցել և 237 հոգու գործողություններում խուլիգանություն է տեսել, երբ խուլիգանություն տեղի չի ունեցել։ Այնուհետև դատախազությունը գալիս է փրկելու ոստիկանության իմիջը և քրեական գործը վերաբացում է»,- ասաց Իոաննիսյանը։

Իոաննիսյանը ընդգծեց, որ News.am կայքի այն հոդվածում, որի հիման վրա հարուցվել է քրեական գործը, որևէ բառ չկա ցուցարարների կողմից անօրինական գործողությունների նախապատրաստման մասին։ Հոդվածում վկայակոչված են նախագահի նստավայր խաղաղ երթով գնալու՝ նախաձեռնության ներկայացուցիչ Մաքսիմ Սարգսյանի հայտարարությունն ու Սահմանադրությունից, Մարդու իրավունքների կոնվենցիայից նրա մեջբերումները։

«Այսինքն երթ անելու մտադրությունը կամ Սահմանադրությունը ընթերցելը դիտարկվել է որպես արդեն տեղի ունեցած խուլիգանություն։ Ինքնին այս քրեական գործի գոյությունն է զավեշտալի»,- ասաց Իոաննիսյանը։

Ցուցարարները գործի վերաբացման տակ քաղաքական ենթատեքստ են տեսնում։ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Ոչ»-ի շարժմանը միացած Լևոն Բարսեղյանը հեգնում է՝ «երևի Քենեդու սպանության գործի պես մի բան է սա գլխավոր դատախազի համար, որ փորձում է խուլիգաններին 53 քննիչով անպայման բացահայտել»։ Նա գործի վերաբացումն իրականում կապում է սահմանադրական փոփոխությունների դեմ սկսված շարժման հետ։

«Ըստ երևույթին, դատախազությունը ռեժիմի հետ որոշել է պրոֆիլակտիկ ահաբեկում անցկացնել, որպեսզի իրենց կարճ խելքով՝ ցուցարարները իրենց համեստ, խելոք պահեն»,- կարծիք հայտնեց Բարսեղյանը։

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով ակտիվորեն մասնակցում է բոլոր ակցիաներին, համոզված է, որ ցուցարարների շարքերը նոսրացնելու խնդիր է դրված։

«Ցանկացած պարագայում իշխանությունները ցանկանում են, որ ակցիաներ չլինեն, այսինքն` իրեն պետք է, որ ինքը խախանդ կերպով, հանգիստ մթնոլորտում անցկացնի Սահմանադրությունը։ Ցանկացած ակցիա ուղղված է լինելու ընդդեմ իշխանության և բացահայտելու է, որ իշխանությունները կեղծելու են, իսկ դա ակնհայտ է։ Դրա համար իրենք փորձելու են առավել ակտիվ այդ երիտասարդներին այս կամ այն ձևով ճնշել, փորձել կախված վիճակում պահել»,- նշեց Կիվիրյանը։

Ի դեպ, նույն ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ ոստիկանների բռնությունների փաստով ևս քրեական գործ է հարուցված, որը երեք ամսից ավելի քննվում է, սակայն դեռ որևէ ոստիկան քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG