Ֆրանսիան ցանկանում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը հավակնոտ լինի ու հնարավորինս շատ ասպարեզներ ընդգրկի:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանը «շատ դրական» է գնահատում շաբաթվա սկզբին Եվրամիության կողմից Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մանդատի հաստատումը: Ըստ նրա, բանակցային որոշ կետեր հնարավոր կլինի շատ արագ քննարկել, քանի որ մի շարք հարցեր նախորդ՝ այդպես էլ չստորագրված փաստաթղթով արդեն համաձայնեցվել էին:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահ է, որ նոր համաձայնագրում շեշտադրում պետք է արվի առևտրատնտեսական հարաբերությունների վրա: «Հատկապես այնպիսի դրույթների վրա, որոնց շուրջ բանակցային գործընթացը, հուսով եմ, հնարավորինս արագ կընթանա և հնարավորություն կստեղծվի այլ ասպարեզներ ու ոլորտներ ևս ներգրավելու»,- ասաց դեսպանը:
Նա չի կարծում, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը խնդիր է Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհին: «Ոչ մի անհամատեղելիություն չենք տեսնում, քանի որ մենք գիտակցել ենք, ծանոթ ենք եղել Հայաստանի կայացրած որոշմանը, ամենևին չեմ կարծում, որ մեկը մյուսին պետք է խանգարի»,- «Ազատության» հետ զրույցում դիտարկում արեց Հայաստանում ֆրանսիայի դեպսան ժան-ֆրանսուա Շարպանտիեն:
Եվրամիության և Հայաստանի միջև նոր համաձայնագրի բանակցությունների մանդատի մասին օրերս խոսել է նաև Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա մանդատի տրամադրումը կարևոր ազդակ է համարել առ այն, որ Հայաստանը քայլում է դեպի Եվրոպա: Ըստ Գերմանիայի դեսպանի, դրանով նոր էջ է բացվում Երևան - Բրյուսել հարաբերություններում: