Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում քննարկում են երկկողմ հարաբերություններին ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) զարգացմանն առնչվող հարցեր։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս թեմաներն է առաջարկել Պուտինը Նազարբաևին՝ նեղ կազմով հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը երկու երկրների համագործակցությունը բնորոշել է իբրև ոչ թե պարզապես վստահելի, այլ դաշնակցային հարաբերություններ բոլոր առումներով։ Այդ հարաբերությունների մակարդակը և բնույթը, ըստ նրա, ընդգծում է պետական այցի կարգավիճակը, որով ինքը ժամանել է Ղազախստան։
Պուտինը համաձայնել է, որ համաշխարհային տնտեսության ու երկու երկրների տնտեսությունների համար դժվարին ժամանակներ են, սակայն նշել է, որ Ղազախստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ռուբլով արտահայտված, աճ է արձանագրում։ Ռուսաստանի նախագահի խոսքով, երկու երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստում է նաև ԵՏՄ-ը։
«Մենք արդեն տեսնում ենք մեր շատ գործընկերների կողմից առաջարկներ տնտեսական միությունների միջև հարաբերությունների զարգացման առումով, նրանք ցանկություն են հայտնում համագործակցել ԵՏՄ-ի հետ տարբեր ձևաչափերով», - ասել է Պուտինը՝ նշելով, որ այս բոլոր հարցերը լինելու են իրենց քննարկման առարկան։
Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը եղել և մնում է Ռուսաստանի ամենամոտ, հուսալի հարևանը։
Անդրադառնալով ԵՏՄ-ին՝ Ղազախստանի նախագահը նշել է. - «Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք»։
Հիշեցնենք, որ այսօր աշխատանքային այցով Ղազախստան է մեկնում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: