Մատչելիության հղումներ

Վանաձորյան «Կոնգո»-ի բնակիչները կորցրել են լավ կյանքի հույսը


Վանաձորի «Կոնգո» թաղամասը
Վանաձորի «Կոնգո» թաղամասը

Վանաձորի ծայրամասում «Կոնգո» են կոչում թաղամասը, որտեղ 27 տարի առաջ երկրաշարժից փլվել են բնակելի շենքեր, մանկապարտեզ ու հանրակացարան։ Տարածքը տնակային ավան են դարձրել։ Տնակավորների մի մասը պետությունից տուն է ստացել կամ ապրելու այլ տեղ գտել, մյուսները՝ մոտ երկու տասնյակ ընտանիք, դեռ երկաթե տնակներում են։

Կիմա Մարտիրոսյանի աճող ընտանիքը ցիրուցան է եղել։ Տնից երեք ջահել տղամարդ Ռուսաստանում է։ Միայնակ է մնացել արև-անձրևին արդեն չդիմացող տանիքի տակ։

«Երեք տղամարդ դուրս են եկել, դրսում են, ոնց որ գոյատևման հարց են լուծում»,- ասում է նա։

Թոռներից մեկը ամռանն է վերադարձել բանակից։ Ասում է՝ փոքր քաղաքում փորձել է աշխատանք գտնել։ Ավտոլվացման կետում գործ են տվել երիտասարդին, բայց կարճ ժամանակ անց սեփականատերը սնանկացել է, փակել բիզնեսն ու աշխատողներին տուն ուղարկել։

«Էրեխեն հուսահատվեց, ախպերն ասավ՝ դե լավ, արի ստի, իրար հետ կգոյատևենք։ Մի բան կաշխատենք, կգանք, համ մեր Նոր տարին կանենք, համ էլ, եսիմ, բալքիմ մի հարց լուծենք։ Էն էլ դրանց գործերն էլ չեն հաջող»։

Մեր խոսքուզրույցին հարևան Գոհարը միացավ։ Նա էլ սկեսրոջ հետ այսօր առանց տղամարդկանց է ապրում երկաթե վագոն-տնակում։ Հարևաններով հաշվեցին ու եզրակացրին՝ թաղամասում միայն կանայք են մնացել ու հիվանդությամբ տառապող մի քանի ծերեր։

«Տղամարդիկը բոլորը գնացած են, հատուկենտ տղամարդիկ են մնացել։ «Շտապօգնության» մեքենան դիմավորող չունենք»։

Գոհարի 19-ամյա զինվոր որդին հուսադրում է մորը, թե բանակից վերադառնա, ամեն ինչ լավ է լինելու։ Բայց մայրն ու տատը նրա համար էլ ուրիշ ապագա չեն տեսնում։ Նա էլ կբռնի խոպանի ճամփան։

«Ամուսինս՝ դուրսը, տեգրս՝ դուրսը իր ընտանիքով, անչափահաս երեխեքով, երեխեքս փռված, ինչ իմանամ»,- հոգոց է հանում Գոհարը։

Սկեսուրն էլ՝ Զեմֆերիդան, լավատես չէ.- «Ես վախենում եմ ավելի վատ ըլնի»։

Գոհարենք դրսից եկած գումարի հաշվին 5 տարի առաջ վագոն-տնակի մոտ տան շինարարություն են սկսել, իրենց ձեռքերով քար քարի վրա դրել ու տան առաջին հարկն ավարտել, սակայն այսօր աշխատող ուժը Ռուսաստանում է։ Չեն կարողանում գումար կուտակել՝ հանգիստ խղճով վերադառնալու և շինարարությունն ավարտելու համար։

«5 տարի ա սենց, էս երկու քարը էրեխեքս դրեցին, ընկան չոլերը, որ բերեն սարքեն, չեն կարողանում։ Ամբողջ կյանքումս պտի դոմիկումը մնամ։ Դոմիկն էլ հո դոմիկ չի»,- ասում է Գոհարի սկեսուրը։

Ուզում են կյանքը փոխված տեսնել։ 43-ամյա Գոհարն ասում է՝ ընդամենը 6 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Շատ է ուզում աշխատել, բայց բոլոր գործատուների դռները նրա համար արդեն փակ են։ Հույսը միայն դրսում աշխատող տղամարդկանց վրա են դնում։ Սպասելիք չունեն, թե այստեղ, անգամ սահմանադրական փոփոխություններից հետո իրենց սոցիալապես ապահով երկրում կզգան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG