Հայաստանի էներգահամակարգի մոտ 10 տոկոս հզորությունն ապահովող Որոտանի կասկադի նոր սեփականատեր, ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի և գործարքի գումարը վճարել է հայաստանյան բանկերից վարկեր վերցնելու հաշվին։
«Հայաստանյան բանկերից մենք վերցրել ենք ընդամենը 28 միլիոն դոլար՝ 90-ից, այսինքն մեկ երրորդից ավելի քիչ։ Վերցրել ենք ուղղակի, որովհետև այդ գումարները հասանելի են, փոխշահավետ տարբերակ է եղել, բանկերի համար ավելի հուսալի բիզնես ներդրում է, մեզ համար էլ տեղական տնտեսությանը նպաստող ֆինանսական ռեսուրսներ են, ինչու ոչ»,- ասաց «Քոնթուր գլոբալ» ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արա Հովսեփյանը։
Ռազմավարական նշանակության 4 ջրամբար և 3 ՀԷԿ ներառող Որոտանի կասկադը ամերիկյան ընկերությանը վաճառվեց 180 մլն դոլարով, գումարի կեսն արդեն փոխանցվել է կառավարությանը։
Արա Հովսեփյանը չի ընդունում ընդդիմախոսների պնդումները, թե կասկադը վաճառվել է շուկայականից շատ ցածր գնով.- «Ամեն ինչ իր գինն ունի, տվյալ դեպքում այս կայանի գինը այդքան էր, գնորդը այդքան էր պատրաստ տալ»։
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Որոտանի հզորությամբ ամենամեծ կայանի՝ «Տաթև» ՀԷԿ-ի վերագործարկման պաշտոնական արարողությունը։ 40 տարի առաջ կառուցված կայանն այսօր էլ շարունակում է հոսանք արտադրել Խորհրդային Միության տարիներին արտադրված սարքերով։ «Ազատության» հետ զրույցում Հովսեփյանը նշեց, որ ամերիկյան ընկերությունն առաջիկա տարիներին կասկադի արդիականացման համար կներդնի նախապես խոստացված 50 միլիոն եվրոն։
«Այդ գումարները մենք վերցնում ենք կառավարության կողմից KfW-ից վերցված վարկից։ Այսինքն մենք ուզում ենք իրականացնել նույն այդ ծրագիրը, և կառավարությունը ոնց որ թե դեմ չէ»։
Նախքան հսկայածավալ ներդրումները՝ Մեծամորի ատոմակայանի մոտ կես հզորությունն ունեցող Որոտանի համալիրը եկող տարեսկզբից արդեն մոտ 50 տոկոսով կբարձրացնի ՀԷՑ-ին վաճառվող հոսանքի գինը՝ 9 դրամից դարձնելով 13։ Ընկերության կարծիքով, սակայն, թանկացումն ազդեցություն չի ունենա սպառողների սակագնի վրա։
«Մինչև 2016 թվականի փետրվարը հին Որոտանի սակագինը մնում է, այնուհետև այն բարձրանում է մեկ անգամ և 25 տարի մնում է անփոփոխ»,- տեղեկացրեց «Քոնթուր գլոբալ» ընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչը։
Ամերիկյան ընկերությունից նաև տեղեկացնում են, որ Իրանին հոսանք չի վաճառվելու, ամբողջ արտադրանքը կսպառվի ներքին շուկայում, իսկ Որոտանի գործարքի վերջին 90 միլիոն դոլարը պետությանը կփոխանցվի մինչև 2016 թվականի հուլիսի 30-ը։
Ի դեպ, հենց Որոտանի կասկադի վաճառքի գումարով կառավարությունը երկու ամիս առաջ մարեց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը և մինչև հաջորդ տարվա օգոստոսի 1-ը այդ գումարներով կփոխհատուցի նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։